ԵՊՀ-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա մեկ զոհ, երեք վիրավոր

14:10

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

11:55

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

11:50

Ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հաղորդել ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ։

«Ժամը 09։37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նշում են, որ աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից։ Վերջինս ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։

Հրդեհը մարվել է ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։

***

Երևանի պետական համալսարանի 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է խոսնակը։

Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ համալսարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մեկ զոհ։

«Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել