Կառավարությունը մշակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4 119 նոր շահառուների տվյալներ, որոնք կկարողանան օգտվել բռնի տեղահանվածներին հատկացվելիք միանվագ 100 000 դրամներ հատկացնելու ծրագրից։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում։
Այս նպատակով կառավարությունը մոտ 412 մլն դրամ կհատկացնի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ բացի այդ, ընթացքի մեջ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրված ցուցակների հիման վրա միանվագ դրամական աջակցության ցուցակների ձևավորման աշխատանքները: Նախատեսվում է, որ 800-900 անձի տվյալ կներառվի ցուցակներում։
Ընդհանուր առմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրվի 500 մլն դրամ։
***
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացնում է միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ: