ՀՀ իշխանությունները դատապարտում են Երևանում հրեական սինագոգի այրման փորձը

Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ մտահոգություն է հայտնել։ Նրա խոսքով՝ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։

«Իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն»,- ասել է Պաշտպանը։

Վարչապետի խորհրդական և ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանն էլ նշել է, որ Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է, հատկապես որ առաջին անգամ տեղի չի ունենում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Թումանյանը տեղեկացրել է, որ այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, և եթե ապացուցվի միջադեպի միտումնավոր բնույթը, ապա ՀՀ իշխանությունները միարժեքորեն կդատապարտեն կատարվածը։

«Վստահ եմ, որ հայաստանյան հանրության վերաբերմունքը նույնպես կլինի այդպիսին։ Մեր երկրում չկան կրոնական, ազգային կամ այլ բնույթի այլատյացության դրսևորումներ։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներում»,- ասել է վարչապետի խորհրդականը։

Նոյեմբերի 15-ին Երևանում հրեական սինագոգի այրման փորձ է կատարվել։

Մեկնաբանել