Ալավերդիում խորանում է կառավարման ճգնաժամը, օրակարգի շատ խնդիրներ չեն լուծվում

Նոյեմբերի 15-ին Ալավերդի համայնքի ավագանու հերթական՝ 14-րդ նիստը կրկին բոյկոտի ենթարկվեց ՔՊ խմբակցության կողմից: Ավագանու նիստին այս անգամ չէին ներկայացել նաև Ապրելու երկիր խմբակցության անդամներից շատերը: Նիստին ներկայացել էր ավագանու երեք անդամ՝ համայնքի ղեկավար, Ապրելու երկրից Արկադի Թամազյանը, ՀԱԿ-ի անդամ, համայնքի ղեկավարի տեղակալ Տիգրան Պապոյանը և ավագանու Ապրելու երկիր խմբակցությունը լքած, այժմ ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը:

2022-ի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ավագանու հավասար՝ 13 մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա կազմեց ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ ընտրեց Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին, իսկ փոխքաղաքապետ՝ ՀԱԿ ներկայացուցչին։ Ընտրությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար դարձավ նախկին հանրապետական, Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: 2022-ին Ալավերդու ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար ՔՊ-ի կողմից պայքարում էր ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինը, ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների, խոչընդոտում է նիստերի կայացումը։

Չորեքշաբթի հրավիրված, բայց չկայացած նիստի սկզբում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը հայտարարեց, որ ավագանու նիստը չեն կարող սկսել` քվորում չլինելու պատճառով: Հայտարարությունից հետո քվորում այդպես էլ չհավաքվեց։

Թամազյանը նիստին ներկա լրագրողներին պարզաբանեց, որ Ապրելու երկիր խմբակցության անդամները տեղյակ էին, որ քվորում չի լինելու, այդ պատճառով նիստին չեն ներկայացել: Ավագանու ՔՊ խմբակցության կողմից հուլիսի 28-ից մինչև օրս Ալավերդի համայնքի ավագանու նիստերը ձախողելու պատճառով օրակարգային 35 հարց լուծում չի ստանում:

Նիստերի բոյկոտի պատճառով չքննարկվեց, օրինակ, Ալավերդի համայնքի 2023-ի բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվությունը, համայնքում 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու համար արտոնություններ սահմանելու և կարևոր այլ հարցեր:

Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանը Արեն Մկրտչյանի և վերջինիս մոր՝ Մարգարիտա Աբգարյանի ճնշումներից հետո հոկտեմբերի 18-ին ստիպված ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Ալավերդու համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին: Պեպանյանը դեմ էր հանդես գալիս իր խմբակցության՝ նիստերը բոյկոտելու և համայնքապետ Թամազյանին պաշտոնազրկելու քայլերին։

Մարիաննա Պեպանյանի՝ ՔՊ խմբակցության մանդատը, ըստ հերթականության, անցել է Հայկ Հովակիմյանին:

Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Գալստյանի խոսքով՝ եթե մինչև դեկտեմբերի 1-ը ավագանու նիստ չկայանա, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին գրություն ուղարկել կառավարություն:

ՍիվիլՆեթը փորձեց պարզել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերաբերմունքը Ալավերդու համայնքապետարանում ստեղծված իրավիճակին: Կուսակցության աշխատակազմից հայտնեցին, որ կուսակցության վարչության ղեկավարներից որևէ մեկը տեղում չէ, իսկ տեղում գտնվողներից որևէ մեկը չի կարող պատասխանել մեր հարցին: Այդուհանդերձ, աշխատակազմից մեզ հայտնեցին ՔՊ-ի հանրային կապերի ծառայության պատասխանատու Էլինա Իշխանյանի հեռախոսահամարը: Նա ասաց, որ հարցին կարող է պատասխանել ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Ես ձեր խնդրանքի մասին ֆեյսբուքով գրել եմ պարոն Ալեքսանյանին: Պատգամավորի պատասխանի մասին ես հեռախոսով կհայտնեմ ձեզ»,- ասաց Էլինա Իշխանյանը:

Վահագն Ալեքսանյանի պատասխանը Էլինա Իշխանյանից չստացանք: Ալեքսանյանին գրավոր հարցում ենք ուղղել՝ պատասխանի ակնկալիքով։

Տե՛ս նաև՝

ՔՊ-ն ցանկանում է պաշտոնազրկել Ալավերդու համայնքապետին, բայց բոյկոտեց նրա անվստահության հարցով նիստը

Միջկուսակցական խարդավանքներ Ալավերդու ավագանիում

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել