Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նոյեմբերի 16-ին հերթական հայտարարությունն է տարածել «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակի առնչությամբ՝ նշելով, որ այսօր ինքը կանգնած է գոյութենական վտանգի առաջ։ Հայտարարությունում Պատրիարքությունը նշում է, որ վերջին օրերին կառուցապատողները առանց քաղաքապետարանի և ոստիկանության արտոնության ներխուժել են «Կովերի պարտեզ» և աշխատանքներ սկսել, չնայած՝ շաբաթներ առաջ Պատրիարքությունը չեղարկել էր գործարքը։ Իրավիճակը տեղում մեծապես լարված է․ իսրայելական ոստիկանությունը հայերից պահանջել է ազատել տարածքը և անգամ բերման ենթարկել երեք հայի։ Պատրիարքությունը կոչ է արել Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքներին սատարել իրեն, քանի որ կալվածքի նկատմամբ տեղի ունեցողն ուղղված է Երուսաղեմում քրիստոնեական ներկայության դեմ։
«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այս օրերուն կը գտնուի իր 16-դարեայ պատմութեան ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ: Գոյութենական-տարածքային այս վտանգը ամբողջութեամբ կը տարածուի նաեւ Երուսաղէմի բոլոր Քրիստոնէական համայնքներու վրայ:
Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը վերջերս չեղարկած է «Կովերու պարտէզի» խաբեբայութիւններով շաղախուած պայմանագիրը:
Կառուցապատողները փոխանակ չեղարկման նամակին օրինական պատասխան տալու, ամբողջութեամբ անտեսած են Պատրիարքարանի իրաւական դիրքորոշումը այս հարցի վերաբերեալ՝ ընտրելով սադրանք, յարձակում, հալածանք, մինչեւ իսկ ոչնչացում հրահրող մարտավարութիւն՝ «Կովերու պարտէզ» բերելով զինուած վարձու սադրիչների:
Վերջին օրերուն «Կովերու պարտէզ» կայանատեղիի ասֆալտի ահռելի ոչնչացումն ու քանդումը իրականացուած է կառուցապատողներու կողմէ առանց քաղաքապետարանի եւ ոստիկանութեան արտօնութեան: Անտեսելով այս հանգամանքը՝ ոստիկանութիւնը վերջին քանի մը օրերու ընթացքին նախընտրեց Հայ համայնքի բոլոր անդամներէն պահանջել ազատե՛լ տարածքը:
Մենք կոչ կ’ընենք Երուսաղէմի բոլոր Քրիստոնեայ համայնքներուն այս աննախադէպ ժամանակներուն նեցուկ ըլլալ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան, քանի որ ասիկա եւս մէկ յստակ քայլ մըն է, ձեռնարկուած Երուսաղէմի եւ Սուրբ Երկրի մէջ Քրիստոնեաներու ներկայութիւնը վտանգելու ուղղութեամբ»,- ասված է հայտարարությունում։
Երուսաղեմի եկեղեցապետերի համատեղ հայտարարությունը
Նոյեմբերի 18-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Երուսաղեմի եկեղեցիների պատրիարքներն ու ղեկավարները։
«Մենք՝ որպես Երուսաղեմի և Սուրբ հողի քրիստոնեական համայնք, լուրջ մտահոգություն ենք հայտնում Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ: Վերջին օրերին հայկական թաղամասի զգալի մասի կառուցապատման վիճելի պայմանագիրը չեղարկվել է: Պատշաճ իրավական ուղիներ ընտրելու փոխարեն ենթադրյալ կառուցապատողները որոշել են զինված սադրիչներ վարձել, փակել ավտոկայանատեղիի մուտքերը և սկսել քանդման աշխատանքներ։

Մենք մտահոգված ենք, որ այդ իրադարձությունները վտանգում են Երուսաղեմում հայկական ներկայությունը, քանի որ նմանատիպ միջոցառումների համար նախադեպ են ստեղծում։ Ենթադրյալ կառուցապատողի կողմից Հայոց պատրիարքության և համայնքի դեմ ձեռնարկված ապօրինի գործողությունները չեն նպաստում հասարակական կարգի պահպանմանը, որը փափագում է մեր քրիստոնեական ընտանիքի անդամ՝ օրինապաշտ և խաղաղասեր հայկական համայնքը: Ենթադրյալ կառուցապատողների կողմից հրահրիչ մարտավարությամբ սադրանքների դիմելը սպառնում է վերացնել հայկական ներկայությունը շրջանում՝ խարխլելով քրիստոնյաների ներկայությունը Սուրբ երկրում:
Որպես եկեղեցապետեր՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Հայոց պատրիարքությանն ու համայնքին և սատարում ենք նրանց որոշումը՝ այդ գործարքը չեղարկելու նպատակով իրականացնելու պատշաճ իրավական ընթացակարգեր և անհապաղ դիմելու բոլոր համապատասխան կառավարական և ոչ կառավարական մարմիններին, որոնք ունակ են աջակցել այս հարցում, օգնել մեզ վերականգնել նախկին խաղաղությունն ու ներդաշնակությունը՝ ի շահ բոլոր նրանց, ովքեր օգտվել եմ հայկական թաղամասի այս տարածքից։
Մենք համոզված ենք, որ նման հարցերը պետք է լուծվեն միայն օրինական բանակցությունների և ընթացակարգերի միջոցով՝ հետագա սրացումներից և բռնությունից խուսափելու համար»:
***
Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ» կալվածքը 99 տարով վարձակալության հանձնելու խնդիրը 2022թ․ լայն արձագանք ստացավ այն բանից հետո, երբ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն տարածեցին՝ մտահոգություն հայտնելով «Կովերի պարտեզ» տարածքի վարձակալության առնչությամբ։ Նրանք պահանջում էին պատրիարքից չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը։
Այս տարեսկզբին Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ նշանակվեց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Պարետ վարդապետ Երիցյանին, որի անունը կապվում է «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու աղմկահարույց հարցի հետ։
Երուսաղեմի հայկական համայնքը բողոքի մեծ ալիք բարձրացրեց գործարքի դեմ՝ պահանջելով չեղարկել այն։
2023թ․ նոյեմբերի 1-ին Պատրիարքությունը հայտնեց, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd կառուցապատող ընկերությանը՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։
Չնայած պայմանագրի միակողմանի չեղարկմանը՝ ընկերությունը տարածքում դիմել է սադրանքների և սկսել քանդման աշխատանքներ, ինչը ստիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին շուրջօրյա հերթապահություն իրականացնել տարածքում։ Ւսրայելական ոստիկանությունը հայերից պահանջել է ազատել տարածքը և անգամ բերման ենթարկել երեք հայի։
«Երուսաղեմի հայկական թաղամասի 25 տոկոսն այլևս չկա»․ Մաս 1
Քսան տարի անց Երուսաղեմում հայերի, կաթոլիկների կամ հույների չեք գտնի
Ստելլա Մեհրաբեկյան