Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին կեղծ մեղադրանքներ է առաջադրել

Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը մեղադրվում է «Խոջալուի ցեղասպանությանը մասնակցելու համար»։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի համաձայն, Բեգլարյանն իբր խոստովանել է, որ մասնակցել է «Խոջալուի ցեղասպանությանը»։ Նա իբրև թե մանրամասներ է պատմել, թե ինչպես են «հայկական զինված կազմավորումները հարձակվել Խոջալու քաղաքի վրա, գնդակահարել քաղաքացիներին և նրանց թաղել Ասկերանի բերդի շրջակայքում»:

Արցախի քաղաքացի, 1962-ին ծնված Ռաշիդ Բեգլարյանը, որին Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է առաջադրել, օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել Շուշիի շրջանի Հին շեն գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել։ Ռաշիդ Բեգլարյանը ձերբակալվել էր Աղավնո գյուղի տարածքում։

Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Նրան նույնպես շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։ Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին առևանգել էր հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից։ Նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության տակ էր գտնվում և բուժման նպատակով տեղափոխվում էր Հայաստան։

Ադրբեջանական գերության մեջ է գտնվում շուրջ հինգ տասնյակ հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնք հաստատվել են Բաքվի կողմից։ Հայ իրավապաշտպանները, սակայն հավաստիացնում են, որ գերության մեջ է 80-ից ավելի անձ։

Ադրբեջանն առևանգել ու շինծու մեղադրանքներ է ներկայացրել նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

Մեկնաբանել