Հայաստանում և սփյուռքում անտարբերության զգացումը վտանգավոր է․ «Ապագա հայկականը»-ի հայտարարությունը

«Ապագա հայկականը» նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Հայաստանի և սփյուռքի առջև ծառացած այսօրվա ծանր մարտահրավերներին: Նախաձեռնության հիմնադիրներն ընդգծել են այս դժվար ժամանակներում լուծումներ որոնելու, փոխըմբռնման հասնելու և հավաքական ձևով մեր ապագայի տեսլականը ձևավորելու հրատապությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանում և Արցախում վերջին զարգացումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին համահայկական միասնական տեսլականի և գործողությունների կարևորությունը:

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վայրի ու հետևողական քաղաքականության արդյունքում Արցախի ամբողջ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը մի քանի օրում: Արցախի պետական ու հանրային հայտնի գործիչները, այդ թվում՝ նախկին նախագահներն ու նախկին պետնախարար, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու: Հայկական քաղաքակրթության հնագույն բնօրրաններից մեկը 2.5 հազարամյակում առաջին անգամ մնացել է առանց իր բնիկ ժողովրդի:

Այսօր Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգված են: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները շարունակում են մնալ անտեսված: Նույնչափ վտանգավոր է Հայաստանի հասարակության և սփյուռքահայության շրջանում անտարբերության գերիշխող զգացումը, ինչը խոչընդոտում է ազգային համախմբմանը: Հայաստանի գործող վարչակազմի այս մարտահրավերներին դիմակայելու անկարողությունն ավելի է սրում իրավիճակը:

Այս և մեր առջև ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամային խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար վճռորոշ նշանակություն ունի ապագայի միասնական տեսլականի ձևավորումը, պատասխանատու ղեկավարումը, Հայաստանում և սփյուռքում կարող մասնագետների և ռեսուրսների ներգրավման արդյունավետ մեխանիզմների հարցում առկա բացի լրացումը:

Մենք հավատարիմ ենք ապագան միասին կերտելու մեր հռչակած առաքելությանը: Կարևորում ենք ջանքերի համակարգումը և մնայուն լուծումների համատեղ որոնման մեջ հայերի ու աշխարհում մեր բարեկամների ավելի խորը և ավելի լայն ներգրավումը:

Հայաստանի առումով մենք հրատապ ենք համարում հավաքական դիմադրողականության ուժեղացումը, առկա բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան, պատասխանատու կառավարման հաստատումը, պարտվողականության և խուճապային կեցվածքի մերժումը, ուժեղ և վստահելի գործընկերությունների ձևավորումը:

Արցախի առումով մենք շարունակելու ենք ձգտել այնպիսի լուծմանը, որը Արցախի ժողովրդին թույլ կտա անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները և կերաշխավորի նրանց ազգային, կրոնական, կրթական ու մշակութային իրավունքները՝ ներառյալ հայկական ժառանգության պահպանումը:

Սփյուռքի առումով ճակատագրական նշանակություն ունի մեր հավաքական ուժի օգտագործումը և ամբողջ աշխարհում սփյուռքի քայլերի համար ընդհանուր օրակարգի հաստատումը՝ կենտրոնանալով Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա:

Մենք հանդես ենք եկել «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությամբ 2020թ. ավերիչ պատերազմից հետո՝ զարգացնելով մի երկխոսություն, որը կհանգեցներ փոխըմբռնման և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ընդհանուր շրջանակի ձևավորման: Մեր կոչին արձագանքել է ավելի քան 110 000 մարդ աշխարհի 108 երկրից: Մեր նպատակներն ի սկզբանե պարզ էին. հաղթահարել բևեռացումը, վերացնել գերիշխող հուսահատությունը, ձևակերպել համակարգային լուծումներ, վերակտիվացնել հասարակությունը և զարգացնել պատասխանատվության ընդհանուր զգացում երկրի և դրա ապագայի հանդեպ:

Հայաստանի ու սփյուռքի կազմակերպությունների ու մասնագետների հետ ընդարձակ քննարկումների արդյունքում նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակներ՝ ձգտելով անդրադառնալ մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակին և համայն հայության կայուն զարգացմանը:

Այս տարվա գարնանը մենք անցկացրինք առաջին քաղաքացիական ասամբլեան հայկական աշխարհում՝ Ապագա Հայկականի Համաժողովը, որտեղ հայրենիքից ու սփյուռքից մասնակիցները քննարկեցին 15 նպատակներից 3-ը (Պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն և Բնակչության աճ) և ընդունեցին քաղաքականություն ու ծրագրային առաջարկներ: Համաժողովին նախորդել էր ավելի քան 100 հայ փորձագետների նախապատրաստական լայնածավալ աշխատանքը, որի արդյունքում երեք նպատակների շրջանակում կազմվել էին հնարավոր սցենարներ ու նախագծերի գաղափարներ: Համաժողովի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մենք երախտագիտություն ենք հայտնում մեր նախաձեռնությանը միացածներին այս ճակատագրական ժամանակներում իրենց անսասան աջակցության համար:

Մենք՝ հայերս, բոլոր մակարդակներում՝ անձնական, հասարակական և պետական, պետք է հաղթահարենք հուսահատությունը և պառակտվածությունը, դիմադրենք մեր ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին ու դժվարություններին և հավաքականորեն կերտենք պայծառ ապագա բոլոր հայերի համար»,- ասված է հայտարարությունում։