Ինչպես և ինչու պահպանել Արցախի պետական ինստիտուտները 

Արամ Թադևոսյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հայտարարեց, թե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է և հարված մեր անվտանգությանը։

Սա հայաստանցի պաշտոնյայի շուրթերով հերթական ուղերձն է, որ Հայաստանը այլևս չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ խնդիր ունենալ ու պատրաստ է վերացնել այդ խնդրի վերաբացման անգամ տեսական հնարավորությունները։

2020-ի նոյեմբերի 9-ից սկսած՝ հակամարտությունից միակողմանի դուրս գալու Հայաստանի քաղաքականության շրջանակներում նմանատիպ «ուղերձներ» և շատ ավելի նշանակալի գործողություններ են եղել, բայց դրանք զրոյական ազդեցություն են ունեցել Ադրբեջանի քաղաքականության վրա։ Ադրբեջանը ռազմական ճանապարհով Արցախը զբաղեցնելու, հետագայում այդ տարածքը վերակառուցելու, բնակեցնելու, իր տնտեսության մեջ ինտեգրելու, անգամ տեղի մշակութային և կրոնական կոթողներն ու հուշարձանները սեփականացնելու ծրագիր ունի, ինչին հետևում է տասնամյակներ շարունակ։ Հայաստանի ներկայիս իշխանությունը հավանաբար դա վատ է հասկանում, որովհետև կառավարման հինգ տարվա ընթացքում քանիցս կտրուկ փոխել է իր դիրքորոշումն Արցախի հարցում, ամեն անգամ զարմանալի դյուրությամբ մոռանալով (մոռանալ տալով) նախորդը՝ անցնելով նոր` կիսով չափ պոպուլիստական, կիսով չափ նորաձև, բայց առարկայազուրկ դոկտրինին։

Նախ, պետք է սկսել նրանից, որ Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշում կայացրել է Սամվել Շահրամանյանը։ «Ինձ ստիպել են» կամ «մարդկանց կյանքը փրկելու համար էր» փաստարկներն այստեղ տեղին չեն կարող լինել, որովհետև նույն բառերով կարող է նրան պատասխանել ՀՀ վարչապետն իր վերաբերմամբ, որ ինքն էլ իր հերթին աշխարհաքաղաքական վտանգավոր հանգամանքների գերին է, որ էլի «ստիպված» է ու «փրկում է»։ Ընդ որում, Շահրամանյանը, որ նախագահ է նշանակվել Փաշինյանին զիջողականության համար խիստ քննադատող ուժերի կողմից, ոչ շահեկան դիրքերում է։

Ամեն դեպքում, Արցախի սահմանադրությամբ՝ նախագահը լիազորված չէ լուծարել հանրապետությունը, ու ադրբեջանական ճնշման տակ ընդունված փաստաթուղթը իրավական ուժ չունի։ Արցախի Հանրապետության ինքնիշխան հիմնադիրն ու պահանջատերը Արցախի ժողովուրդն է։ Տարածքի կորստից հետո պետության գոյությունը չի դադարում։ Միայն Արցախի ժողովրդի գործողություններից կամ անգործությունից է կախված պետության հետագա գոյության հարցը։ Առայժմ դժվար է պատկերացնել, որ ՀՀ իշխանությունը պատրաստ է հայտարարություններից և ֆինանսավորման դադարեցումից բացի ավելի կտրուկ քայլերի գնալ, ինչպիսին կարող է լինել ՀՀ տարածքում գործող Արցախի պետական կառույցների գոյությունն ապօրինի ճանաչելը։

Արցախի այս նախագահի և այս գումարման Ազգային ժողովի պաշտոնավարման շարունակման իմաստ արցախցիները դժվար թե տեսնում են, իսկ ՀՀ բյուջեից նրանց վարձատրելուն և աշխատավայր տրամադրելուն շատերը դեմ կլինեն։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունն էլ է դա գիտակցում և օգտագործում իր նպատակների համար։ Եթե Արցախի իշխանությունները ունենային բավարար աջակցություն իրենց ընտրողների շրջանում, որոնց կարելի կլիներ համախմբել, հարցն այլ բովանդակություն կստանար։ (Արցախի տարհանումից հետո նախագահի և այլ պաշտոնյաների հանրության հետ շփման միակ դեպքն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով ու վերածվել ծեծկռտուքի)։

Արցախցիների համար իրենց հանրապետության հաստատությունների պահպանումը կարող է արդիական լինել միայն այն պարագայում, եթե դրանք պիտանի լինեն ներկայում և մշտապես, այլ ոչ թե ծառայեն ինչ-որ հեռավոր նպատակների կամ սիմվոլիկ բնույթ կրեն։ Մինչդեռ, Արցախի պետական կառույցներն իրենց արժեզրկել են դեռ Ստեփանակերտում։ Հանրապետության նախագահի ինստիտուտը փաստացի ոչնչացվել է սեպտեմբերի 9-ին, երբ համապետական քվեարկությամբ ընտրված նախագահին հրաժարական է պարտադրվել, և նրա փոխարեն նշանակվել է երկրի ղեկավարի կոմպետենտություն չունեցող մի անձ՝ որոշակի շրջանակի դրածո։ Արցախի կառավարության գոյության իմաստը հօդս է ցնդել բենզինի պահեստի պայթյունի հետ միասին, որ թերևս ամենախոշոր մարդածին աղետն է երկրի պատմությունում։ Արցախի պետական ինստիտուտները փաստացի չկային բնակչության տարհանման ժամանակ։ Այդ անձանցով մարմնավորվող կառույցների շուրջ մարդկանց համախմբել հնարավոր չէ։ Բնականաբար, անհնար է նաև նոր նախագահի կամ խորհրդարանի ընտրությունը։ Այսինքն, այստեղ ևս, ՀՀ իշխանությունը կայացած փաստի արձանագրող է։

Սակայն Ալեն Սիմոնյանի խոսքերն արցախցիները ընկալում են որպես իրենց իսկ թիրախավորում, գռեհիկ տոն, որ հերթական անգամ գալիս է Հայաստանի իշխանությունների կողմից։ Այս ամբողջ ընթացքում ՀՀ բարձրագույն պաշտոնյաները ցուցադրաբար անջրպետվում են արցախցիներից։ Ոչ մի այցելություն փախստականների ժամանակավոր տեղակայման վայրեր, ոչ մի հանրային հանդիպում պետական կամ հասարարակական գործիչների հետ։ Տպավորություն է, որ ավելի քան հարյուր հազար մարդու տեղահանությունը առօրեական երևույթ է։ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է արցախցիներին դիտարկել որպես հանրություն, բայց և ՀՀ լիիրավ քաղաքացի չի համարում, առնչվում է մարդկանց հետ զուտ անհատապես (աջակցության միջոցառումների շրջանակներում)` առանց «միջնորդների»։ Պետք է արձանագրել, որ այս քաղաքականությունը չի կարող նպաստել փախստականներին Հայաստանում արագ, հնարավորինս քիչ ցավոտ ինտեգրմանը։ Նման պայմաններում, իր բնակության վայրից, համայնքից կտրված մարդը հակված է մարգինալացման։

Հույս ունենալ, որ արցախցիները սեփական նախաձեռնությամբ կկարողանան ինքնակազմակերպվել, կարծում եմ, պետք չէ։ Նախքան տեղահանումը ձևավորված քաղաքական երեք խոշոր ճամբարներից երկուսի առաջնորդներն այժմ պատանդ են Ադրբեջանում, մյուսը՝ բավարար աջակցություն չունի։ Առանց պետական աջակցության, անհնար է լինելու ստեղծել նոր կառույց, որն ունակ կլինի կոնսոլիդացնել Արցախից տեղահանված բնակչությանը, առաջ քաշել օրակարգեր, պաշտպանել նրանց շահերը։ Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են լավ հիմք լինել դրա համար։ Նախ, ՏԻՄ ղեկավարների միավորման հիմքով կառույցի ձևավորումը Հայաստանի իշխանության տեսակետից պետք է, որ «պետական անվտանգության սպառնալիք» չդիտարկվի, հետո դա ընդգրկում է մարդկանց բավականին լայն շրջանակ, ովքեր, սովորաբար մշտական կապի մեջ են իրենց համայնքների նախկին բնակիչների հետ։ 2020-ին տեղահանված շրջանների համայնքային կառույցները պահպանվել են, և ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրերով նրանց հետ աշխատելու փորձ ունի։ Ավելի նպատակահարմար կլինի, որ պետության հետ հարաբերվելիս անձը «նույնականացվի» իր համայնքային պատկանելիությամբ ևս։ Փախստականների զգալի մասի համար ավելի հարմար կլինի պետության հետ առնչվել իր համայնքի ղեկավարի միջոցով։ Համայնքային ինստիտուտների պահպանումը անհրաժեշտ քայլ է, որ կարող է կանխել արցախցիների մարգինալացումը Հայաստանում։

Արամ Թադևոսյանը քաղաքագետ է Ստեփանակերտից։ Ներկայում բնակվում է Երևանում։

Մեկնաբանել