Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց

Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվեց ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ փետրվարից այս առաքելությունն ընդունելու համար: Այս առաքելությունը Հայաստանում արդեն շատ բան է առաջարկել կայունության, անվտանգության առումով: Կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը մենք այսօր ստորագրեցինք, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը»,-ասաց ԵՄ դեսպանը:

Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա այդ հարցը որոշվել է մի քանի օր առաջ Բրյուսելում: Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդարձակելու առաջարկին։

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել առաքելության ներկայությունը երկրում՝ նպաստելու կայունությանը և դիտորդություն իրականացնելուն սահմանի հայկական կողմում և տեսնելու, թե ինչ է իրականացվում»,- ասաց Մարագոսը:

Պարույր Հովհաննիսյանն էլ հստակեցրեց՝ այս պահին մանդատի փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել, խոսքը քանակի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է․ «Երրորդ կողմերից Կանադան է միացել առաքելությանը, կա հետաքրքրություն այլ երկրներից ևս»,- ասաց փոխնախարարը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը պետք է նպաստի դրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը․ «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»,- ասաց փոխնախարարը:

***

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում կա 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Մեկնաբանել