Հայաստանը պետք է տեր կանգնի Արևմուտքի հետ մերձեցմանն ու հետքայլ չկատարի․ Վիգէն Յովսէփեան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Երևանում, սեպտեմբերի 18, 2022 թվական

Արգելելով Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակությունը՝ ԱՄՆ-ը դաս է տալիս Բաքվին, որից Հայաստանը պետք է կարողանա օգտվել․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգէն Յովսէփեանը։

Նա վստահ է՝ այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է, և նրա գործողությունները կարող են խորացնել Վաշինգտոնի հետ հակասութունները: Նման առիթ կարող է դառնալ պաշտոնական Բաքվի որոշումը՝ չմասնակցել Վաշինգոտնում Հայաստանի հետ նախատեսված բանակցություններին, կարծում է Յովսէփեանը: «Հարցն այն է, թե որքան է տևելու այս լարվածությունը և որքան է խորանալու այն», – ասաց նա:

Օրինակ բերելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները` նա նկատեց, որ Վաշինգտոնը սկսում է գործել, երբ որոշակի կարմիր գիծ են հատում:

«Երբ Թուրքիան գնեց Ռուսաստանի С-400 ՀՕՊ համակարգերը, ԱՄՆ-ը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա բեկումնային եղավ, և ԱՄՆ-ը որոշեց դաս տալ Թուրքիայի, սակայն դա չբերեց հարաբերությունների խզման», – նշեց Վիգէն Յովսէփեանը` հավելելով, որ Թուրիքիայի հետ ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունները պահպանվում են:

Այս համատեքստում նա ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի դեմ այն ժամանակ է ձեռնարկում գործողություններ, երբ Բաքուն իսրեյալամետ դիրքորոշում ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում: «Հենց այս հանգամանքն է առավել հատկանշական», – ընդգծեց ամերկահայ գործիչը:

Վիգէն Յովսէփեանի կարծիքով՝ այս իրավիճակից պետք է կարողանա օգտվել Հայաստանը, քանի որ տարիներ շարունակ Վաշինգտոնում ապտրաստ են եղել համագործակցության խորացման, սակայն չեն ակնկալել, որ Հայաստանն է դրան պատրաստ՝ հաշվի առնելով վերջինիս կախվածությունը Ռուսաստանից և նրա հարաբերությունները Իրանի հետ:

Այժմ, կարծում է նա, Հայաստանը պետք է կարողանա տեր կանգնել Արևմուտքի հետ մերձեցման իր քաղաքականությանը և հետքայլ չկատարել:

Զրուցեց Արշալույս Մղդեսյանը

Մեկնաբանել