Գևորգ Թոսունյան
Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է դրել Երևանի զարգացման հաջորդ տարվա՝ 2024-ի և հնգամյա ծրագրերը։ ՍիվիլՆեթը առանձնացրել է այս ծրագրերի որոշ դրույթներ։ Նախ ներկայացնում ենք Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագիրը։
Տրանսպորտ
Տրանսպորտային բարեփոխումների մասով ծրագրում շատ են դեկլարատիվ բնույթ կրող հայտարարությունները, սակայն կան նաև կոնկրետ չափելի խոստումներ։ Օրինակ՝ խոստանում են ձեռք բերել 3 նոր ավտոաշտարակ, կառուցել ավտոբուսների կայանման և սպասարկման համար նախատեսված 4 վերգետնյա էլեկտրատրանսպորտի հավաքակայան։
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի մասին ևս չեն մոռացել․ խոստանում են հինգ տարում այն ավարտին հասցնել, ինչպես նաև կառուցել «Փեթակի» մասում նոր կայարանը։
«Երիտասարդական» կայարանն էլ կունենա երկրորդ մուտք, որը դուրս կգա Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի հարակից տարածք, իսկ արդեն «օդում» կհիմնվի նոր ճոպանուղային ցանց՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։
Ուշագրավ է, որ նոր ավտոբուսների ձեռք բերման մասին ոչ մի խոսք չկա զարգացման ծրագրում։
Երևանի զարգացման ծրագրի համաձայն՝ մայրաքաղաքում այս պահին կա 991 ավտոբուս և 56 տրոլեյբուս։
Ճանապարհներ
Իշխանությունը խոստանում է կառուցել Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային կապող ճանապարհը և էստակադը, որն էականորեն կնվազեցնի Մյասնիկյան փողոցի խցանումները։ Խոստոանում են նաև ավարտին հասցնել Նորք-Մարաշի Գ․ Հովսեփյան փողոցը Սարալանջին կապող ճանապարհի կառուցումը։ Ի դեպ, այս մասով մինչ այս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետի պաշտոնում արդեն որոշ խոստումներ տվել է, սակայն խոստացված ժամկետներում աշխատանքները չեն էլ սկսվել։
Մյուս խոստումներից նախատեսվում է կառուցել Երևան քաղաքը Զվարթնոց միջազգային օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհ, որը օդանավակայանը կկապի Բաբաջանյան-Աշտարակ հատվածին, ըստ ծրագրի՝ կնախագծվի նոր կամուրջ Հրազդանի կիրճի վրայով, որը կկապի Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները՝ զգալիորեն թեթևացնելով Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների երթևեկության ծանրաբեռնվածությունը: Կիրականացվեն տարեկան 50 կմ միջին նորոգման աշխատանքներ, արդյունքում կնորոգվի Երևանի ամբողջ 271 կմ ճանապարհացանցը:
Ենթակառուցվածքներ
Մանկապարտեզներից ոչ մեկը, ըստ ծրագրի, վերանորոգման կարիք չի ունենա 2026-ին, իսկ պոլիկլինիկաներից 7-ը հիմնանորոգման և շահագործման են հանձնվելու մինչև 2025-ը։
Կասկադ համալիրի չկառուցապատված վերնամասում՝ ավելի քան 8հա տարածքում, ավարտին են հասցնելու համալիրի կառուցման աշխատանքները։
Մինչև 2025-ի ավարտը բազմաբնակարան շենքերի կառավարման (համատիրությունների) նոր մոդել կներդնեն՝ փոխելով օրենքը։
Երևանում, ըստ համայնքային իշխանության, մնացել է վթարային վիճակում գտնվող 2 688 վերելակ, որոնք խոստանում ենք փոխել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Երևանի նոր աղբավայրն էլ նպատակ ունեն կառուցել առաջիկա հինգ տարում։
Կանաչ տարածքներ
Իշխանությունը շարունակում է վստահեցնել, որ Դալմայի այգիներում առկա 230 հեկտարից ավելի տարածքում հիմնվելու է նոր քաղաքային այգի։ Շեշտում են, որ բացառելու են որևէ կառուցապատում այդ տարածքում, իսկ Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հեկտար տարածքում տնկվելու է անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի և մասնակիորեն վերականգնելով այդ տարածքի կանաչապատման հատվածը։ Նման խոստումով նախկինում ևս հանդես են եկել իշխանությունները, բայց չեն իրագործել։
Ցանկանում են Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհել, ինչի նպատակով պատրաստվում են իրականացնել կենսաբազմազանության գույքագրում, թեմատիկ քարտեզագրում և բնապահպանական արժեքների բացահայտում։
Որպեսզի օդի աղտոտվածության իրական տվյալները պարզեն, քաղաքապետարանում նախատեսում են մինչև 2024-ի ավարտը բոլոր վարչական շրջաններում տեղադրել օդի որակի մոնիթորինգի սենսորային սարքեր։
Երևանյան լճի և Հրազդան գետի ջրերի մաքրությունը կենցաղային աղբից և կոյուղաջրերից ապահովելու նպատակով Հրազդան գետի վրա կտեղադրվի ևս երկու աղբաորսիչ հարմարանք, կկառուցվի կոլեկտոր:
2024-ի զարգացման ծրագիրը
Համայնքային իշխանությունը շրջանառության մեջ է դրել 2024-ի զարգացման ծրագիրը, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.