2023-ի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական աճի տեմպը դանդաղել է՝ հասնելով 5,3 տոկոսի՝ համեմատ օգոստոսի 10,9 տոկոսի։ Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, որում նշվում է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում երկրի Համախառն ներքին արդյունքի ծավալը: Այն կազմել է 2,58 տրլն դրամ, իսկ աճը տոկոսային արտահայտմամբ կազմել է 7,4%:
Նույն ժամանակահատվածում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է մոտ 863 հազար դրամ, որը 60 հազար դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ՀԲ-ի զեկույցում ամփոփվել են նաև դրամական հոսքերը: Այսպես, արտասահմանից ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) Հայաստան սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 69%-ով: Դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 19%-ով, իսկ արտահոսքը սեպտեմբերին ավելացել 43%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպը: Հոկտեմբերին Հայաստանի միջազգային պահուստները երկրորդ ամիսն անընդմեջ նվազել են 155 մլն դոլարով` հասնելով 3,8 մլրդ դոլարի:
«Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 3 մլրդ ՀՀ դրամ հավելուրդ, ինչը հաջորդել է օգոստոսի 25 մլրդ ՀՀ դրամ պակասուրդին: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները սեպտեմբերին ավելացել են 9,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասված է զեկույցում:
Նշենք, որ 2023 թվականի համար կառավարությունը թիրախավորել է 7 տոկոս տնտեսական աճ: