Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատվել՝ փոխարենը անցնելով ծառայության կամ ազատվել համապատասխան վճարի դիմաց։
Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ օրենքի նախագծի հեղինակը հայտնել էր, որ ուսումնասիրել է նաև միջազգային փորձը։ Ըստ նրա՝ բոլոր այն երկրներում, որտեղ նմանատիպ համակարգ է գործում, համապատասխան վճարն էականորեն ցածր է։
#CivilnetCheck-ը փորձել է հասկանալ, թե այլ երկրներում ինչպես են աշխատում չծառայելու դեպքում որոշակի տարիքային շեմից հետո քրեական հետապնդումից ազատվելու կարգավորումները և որքան է կազմում վճարը։
Ի՞նչ է առաջարկում օրենքի նախագիծը
Պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով՝ հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տրվում ազատվել քրեական հետապնդումից և անցնել զինվորական ծառայության՝
1) 24 ամիս ժամկետով,
2) 12 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 2,5 մլն դրամ,
3) 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ,
4) 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն պետբյուջե վճարել 15 մլն դրամ:
Ներկայում գործող կարգավորումներով արտերկրում գտնվող 27 տարեկան չծառայած քաղաքացիները ծառայության անցնելու հնարավորություն չունեն, և Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են քրեական պատասխանատվության (Հոդված 461)։
Սարգսյանի նախագծով՝ պարտադիր ծառայություն է նախատեսվում նաև 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած արական սեռի անձանց համար, ինչը ներկայիս կարգավորումներով նախատեսված չէ։ Նախագծով՝ նրանք 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն պետք է անցնեն ՀՀ զինված ուժերում, կամ պետական բյուջե վճարեն 2,5 մլն դրամ՝ ազատվելով զինվորական ծառայությունից:
Միջազգային փորձը
Ընդհանուր առմամբ, աշխարհի 49 երկրում գործում է պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ Ծառայության ժամկետները տարբեր երկրներում տարբեր են։ Օրինակ՝ Ադրբեջանում պարտադիր զինծառայությունը 18 ամիս է, Վրաստանում՝ 12, Թուրքիայում՝ 6։
Հայկ Սարգսյանի առաջարկած կարգավորումը գործում է հաշված երկրներում, օրենքի ընդունման ժամանակ այդ երկրներում ևս քննարկումներ են եղել, որ այն ձեռնտու է միայն սոցիալապես ապահով խավին։
Լրագրողների հետ հանդիպմանը Հայկ Սարգսյանը որպես միջազգային փորձ նշեց Թուրքիայի և Ղազախստանի օրինակները, որտեղ քաղաքացիները որոշակի տարիքային շեմ հատելուց հետո հնարավորություն են ստանում վճարի դիմաց ազատվել զինվորական ծառայությունից։
Այսպես, Թուրքիայում 2019-ին ընդունված օրենքի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը 12 ամսից կրճատվել է մինչև 6 ամիս։ Որպես կանոն, պարտադիր զինվորական ծառայությունը վերաբերում է 20-ից 41 տարեկան արական սեռի բոլոր քաղաքացիներին։ Սակայն այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում պարտադիր զինվորական ծառայություն անցնել, կարող են անցնել մեկամսյա ռազմական պատրաստություն և ազատվել ծառայության մնացած հինգ ամիսներից։
2023-ին վճարի չափը սահմանվել է 122 350 լիրա (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 1,7 մլն դրամ): Բացի այդ, արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները ևս հնարավորություն ունեն վճարել որոշակի գումար պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար։
Ղազախստանում 24-27 տարեկան քաղաքացիները կարող են վճարել 305 հազար ղազախական տենգե (մոտ 260 հազար դրամ) և մասնակցել 35-օրյա զորավահավաքի, բայց ստացվում է, որ մինչև 24 տարեկանը նրանց ծառայությունն արդեն որևէ պատճառով հետաձգված է եղել (օրինակ՝ առողջական խնդիրներ, ուսում և այլն), քանի որ Ղազախստանում պարտադիր զինվորական ծառայությունը սկսվում է 18 տարեկանից։
Որոշ երկրներում գործում են կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ընդհանրապես ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Տաջիկստանում 2021-ին ընդունված օրենքի համաձայն՝ 18-27 տաջիկ տղամարդիկ կարող են վճարել 2 200$-ին համարժեք գումար (մոտ 900 հազար դրամ)՝ ամբողջական երկամյա ծառայություն չանցնելու համար, բայց նրանք պարտավոր են մեկ ամիս տևողությամբ զորավարժությունների մասնակցել։
Ի դեպ, հարևան Վրաստանը վճար է սահմանում միայն պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար։ Մեկ տարով տարկետում ստանալու համար քաղաքացին պետք է վճարի 10 հազար լարի (մոտ 1,5 միլիոն դրամ):
Այսպիսով, պատգամավոր Հայկ Սարգսյանը ճիշտ էր՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար սահմանված վճարը մյուս երկրների համեմատ իսկապես ցածր է։ Այդ երկրներից որևէ մեկը, մինչդեռ, վճարի դիմաց ընդհանրապես չծառայելու տարբերակ չի առաջարկում, քաղաքացիները պարտավոր են առնվազն մեկ ամիս զորավարժությունների մասնակցել։
Խնդրահարույց կետեր՝ օրենքի նախագծում
Ազգային ժողովի «Փորձագիտական և վերլուծական» վարչությունը մի շարք խնդրահարույց կետեր է գտել առաջարկվող նախագծում։
Վարչությունն իր եզրակացության մեջ, մասնավորապես, նշում է․
«Օրենքում փոփոխությունները և լրացումները, ըստ էության, մի կողմից որոշակիորեն լայնացնում են օրենքի գործողության դաշտում գտնվող սուբյեկտների շրջանակը՝ բարձրացնելով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց տարիքային առավելագույն շեմը, մյուս կողմից նրանց տալիս են հնարավորություն չկատարելու Սահմանդրությամբ իրենց առաջադրված պարտականությունը՝ նախատեսելով հնարավորություն որոշակի գումար վճարելու միջոցով չանցնել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ անցնել առավել պակաս ժամկետով՝ ի տարբերություն մյուսների։
Վարչությունը եզրակացրել է, որ նման կարգավորման նախատեսումը կարող է դիտարկվել որպես գույքային վիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքի դրսևորում, քանի որ ակնհայտ է, որ օրենքի նման կարգավորումները ոչ միայն չեն պահպանում Սահմանադրության 28-րդ հոդվածի ոգին (Բոլորը հավասար են օրենքի առջև), այլ նաև նրանց կիրառման փուլում առավել ընդգծված են դարձնելու քաղաքացիների գույքային վիճակի տարբերությունները՝ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը շատերի համար դարձնելով ոչ վերաբերելի (Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը):