Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին, հայտնում են վարչապետի գրասենյակից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը՝ Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա։
Փաշինյանն ու Դոքերթին քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավելի անձանց հումանիտար խնդիրները, կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը:
«Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը: Լեո Դոքերթին շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` օրերս Միացյալ թագավորություն կատարած պաշտոնական այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու ՄԹ շահագրգռվածությունը»,- ասված է հաղորդագրությունում։
***
Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել էր Միրզոյանի և Դոքերթիի հանդիպումը, որով տրվել էր ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։