Կառավարությունն առաջարկում է հնարավորություն տալ ավելի մեծ ծավալով վերաբաշխել բյուջետային ծրագրերը՝ պայմանավորված Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքներով։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունը նոյեմբերի 21-ին մտավ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ։
Գործադիրը մասնավորապես հիմնավորում է, որ 2023-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են ավելի քան հարյուր հազար քաղաքացիներ, նրանց սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023-ի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունը կարիք ունի մեծածավալ չնախատեսված լրացուցիչ հատկացումներ և ծախսային վերաբաշխումներ իրականացնելու:
«Բացի այդ, մինչև տարեվերջ առկա է ռիսկ, որ մի շարք այլ ուղղություններով ևս կառաջանան ծախսերի վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություններ: Արդյունքում, իրականացվող վերաբաշխումների ծավալները կգերազանցեն հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը»,- նշված է նախագծում։
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023-ի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված 2,591 մլրդ դրամ ընդհանուր ծախսերի վերաբաշխման թույլատրելի 3% սահմանաչափը կազմում է շուրջ 78 մլրդ դրամ: 2023-ի նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշումներով և ծանուցագրերով վերաբաշխված գումարը կազմում է 74 մլրդ դրամ, ինչն արդեն իսկ կազմում է 2023-ի պետական բյուջեի ծախսերի շուրջ 2,85%-ը: Իրավական փաստաթղթով առաջարկվում է ՀՀ կառավարությանը հնարավորություն ընձեռնել 2023-ի պետական բյուջեի շրջանակներում իրականացնել ևս 3% (77,7 մլրդ դրամ) վերաբաշխումներ:
***
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացնում է միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ: