«Խաղաղության արմատները Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չեն», կարծում են Բաքվում

Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չեն, նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանը խաղաղության գործընթացի առաջխաղացման և լուրջ արդյունքներ գրանցելու համար հայացքը պետք է ուղղի տարածաշրջան և շարունակի Ադրբեջանի հետ բանակցությունները», – ասել է Հաջիևը։

Ալիևի օգնականը հավաստիացրել է, թե Ադրբեջանը բարի նպատակներ ունի, իսկ տարածաշրջանում հաստատվել է նոր իրականություն։

«Դա լեգիտիմ ստատուս քվո է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, այնինչ նախորդ իրականությունը, որը ստեղծել էր Հայաստանը՝ գրավելով Ադրբեջանի տարածքները, աջակցություն էր ստանում նաև Մինսկի խմբի անդամների կողմից, ինչն անարդար էր»,- միտքն ամփոփել է Հաջիևը։

Ալիևը երկու ամիս է՝ Հայաստանից սպասում է պատասխանի

Իսկ նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Երևանից սպասում է արձագանքի՝ ի պատասխան խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի մեկնաբանությունների։

«Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի առաջարկություններով, սակայն սեպտեմբերի 11-ից սպաում ենք Հայաստանի պատասխանին»,- հայտարարել է Ալիևը Իրաքի նախագահի հետ մամուլի ասուլիսին։

Ադրբեջանի նախագահը կրկին թիրախավորել է Ֆրանսիային՝ մտահոգվելով պաշտպանական ոլորտում Հայաստանի հետ ունեցած համագործակցությամբ։

«Ֆրանսիան խիստ ապակառուցոական դեր է կատարում Հարավային Կովկասում։ Փաստացի Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, ինչը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի անվտանգության համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավաստիացնելով, թե Բաքուն «հետաքրքրված չէ որևէ պատերազմով»։

«Այն զինատատեսակները, որոնց մասին բացահայտ հայտարարում է Ֆրանսիան և հպարտանում է Հայաստանը, չեն օգնի հայկական կողմին, եթե նրանք որոշեն նոր պատերազմ սկսել։ Արդյունքը կլինի նույնը»,- եզրափակել է Ալիևը։

Մեկնաբանել