Արցախցիների կենսաթոշակների տրամադրման հարցը՝ ԱԺ օրակարգում

Կառավարությունը խորհրդարանի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի ժամանակ առաջարկեց օրենսդրական փոփոխություններ իրականցնել և Հայաստանում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել նաև Լեռնային Ղարաբաղում անձի ձեռք բերած աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ գործադիրի սահմանված կարգով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ-ին ներկայացնելով օրենսդրական փաթեթը, հայտնեց, որ կսահմանվեն նաև տեղեկատվական աղբյուրները, որոնց տվյալները կիրառելի կլինեն ստաժը որոշելիս։

«Նախատեսվում է նաև կառավարությանը վերապահել փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ այս դեպքում հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները «վերանշանակել» առցանց դիմումի հիման վրա, առանց ստաժը վերահաշվարկելու։

Նախագծով նաև սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձը, քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք։

Բացի այդ, կհստակեցվեն ու կպարզեցվեն նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի տրամադրման ընթացակարգերը։

Խորհրդարանն այս փաթեթն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։