Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր 6-րդ առաջարկը․ ԱԳՆ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր 6-րդ առաջարկը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Ի շարունակություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ​​ջանքերն ակտիվացնելու նոյեմբերի 18-ի հայտարարության, հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը»,- ասված է արտգործնախարարության X-ի էջում արված գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին դժգոհել էր, որ Հայաստանը երկու ամիս է՝ չի պատասխանում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին։

«Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի առաջարկություններով, սակայն սեպտեմբերի 11-ից սպասում ենք Հայաստանի պատասխանին»,- նոյեմբերի 20-ին Իրաքի նախագահի հետ մամուլի ասուլիսին հայտարարել էր Ալիևը։

***

Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։

Մեկնաբանել