Բաքուն Երևանին առաջարկում է հանդիպում անցկացնել սահմանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին առաջարկում է հանդիպում անցկացնել սահմանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ հիմունքներով ուղիղ բանակցությունների ՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց ապագա հարաբերությունները։ Երկու երկրները պատասխանատություն են կրում խաղաղ գործընթացը շարունակելու հարցում, այդ թվում՝ փոխադարձ ընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպելու որոշում կայացնելու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմը հուսով է, որ Հայաստանը դրական կարձագանքի բանակցությունները շուտափույթ վերսկսելու առաջարկին։ Բաքուն Երևանին նաև կոչ է անում «թույլ չտալ նոր անհարկի պարապուրդներ»։

«Այն փաստը, որ Հայաստանից պահանջվեց մոտ երկուսուկես ամիս՝ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին պատասխանելու համար, լրջորեն խաթարում է գործընթացը: Խաղաղության բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Այսօր ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր 6-րդ առաջարկը․ «Ի շարունակություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ​​ջանքերն ակտիվացնելու նոյեմբերի 18-ի հայտարարության, հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը»,- հայտնել էր ՀՀ ԱԳՆ-ն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին դժգոհել էր, որ Հայաստանը երկու ամիս է՝ չի պատասխանում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին․ «Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի առաջարկություններով, սակայն սեպտեմբերի 11-ից սպասում ենք Հայաստանի պատասխանին»,- նոյեմբերի 20-ին Իրաքի նախագահի հետ մամուլի ասուլիսին հայտարարել էր Ալիևը։

Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն. «Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։

Մեկնաբանել