Գևորգ Թոսունյան
Երևանի ավագանու ընդհատված նիստի երկրորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, բախումներ տեղի ունեցան, սակայն այս անգամ ոչ թե բռունցքների, այլ ընկալումների և աշխարհայացքների։ Նիստի այս հատվածն այնքանով էր հետաքրքիր, որ ի ցույց դրեց ավագանու երեք խմբակցությունների ներկայացուցիչների մոտեցումների սկզբունքային տարբերությունը կրոնական փոքրամասնությունների զինվորական ծառայության վերաբերյալ։
Ավագանին քննարկում էր որոշումներից մեկի մեջ փոփոխություն կատրելու մասին նախագիծը, որի առաջին մասը վերաբերում էր զինվորական այլընտրանքային ծառայողներին փոխհատուցում տալուն։
Հարցի զեկուցող՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ Վիլեն Արևշատյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է 2023-ի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումներն ավելացնել 1,2 մլն դրամով ու այն ուղղել ամառային զորակոչի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 8 անձանց դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետարանին լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել 4 մլրդ 33 մլն դրամով։ Նույն նախագծով այլ փոփոխություններ ու հատկացումներ ևս կատարվում էին, սակայն ընդդիմությունը կենտրոնացավ այլընտրանքային զինվորական ծառայության հատվածի վրա։ Նախ խնդրեցին Արևշատյանին ավելի պարզ ներկայացնել՝ ինչի մասին է խոսքը։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը նաև հիշեցրեց, որ այլընտրանքային ծառայության մասին որոշումները կայացնում է կառավարությունը, անգամ որոշում է, թե որ կազմակերպությունում պետք է անձն անցկացնի ծառայությունը։ Ըստ Արևշատյանի՝ խոսքը կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների մասին է․ ներկայում քաղաքապետարանում 31 անձ է այդ հիմունքներով աշխատում։ Նա նաև հավելեց, որ նրանք ստանալու են 30 հազար դրամ փոխհատուցում։
Արևշատյանի ելույթից հետո ընդդիմադիրները դժգոհեցին նախագծից ու ցուցաբերած մոտեցումից։
«Ավելի ճիշտ չի՞ լինի՝ նրանք խրամատ փորեն, կանաչապատմանը ինչո՞ւ եք բերում, թող գնան խրամատ փորեն, այլ բան անեն, որ ռազմական գործի հետ կապ ունենա, եթե չեն ուզում կռվել»,- ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Պեդրո Զարոկյանը, իսկ «Մայր Հայաստանից» Սոնա Աղեկյանը երկրորդեց․ «Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն է, այստեղ չպետք է խրախուսվեն դասալիքները»: Նույն խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանն էլ ամփոփեց, որ իշխանությունը «նպաստում է, որ դասալիքների թիվը շատանա»։
Ընդդիմադիրների հայտարարություններից հետո ելույթ ունեցավ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը՝ իր գործընկերներին նախ հորդորելով խտրականություն չդրսևորել։
«Խոսքը միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չհանդիսացող անձանց չի վերաբերոմ, կան նաև այլ հավատամքի կրողներ ու հետևորդներ, որոնց կրոնը չի արգելում զենք վերցնել ու ծառայություն իրականացնել։ Չտարաջանտենք․ ՀՀ բանակում ծառայում են այլ հավատամքի հետևորդներ, որոնք զենք են բռնում, Հայաստանի համար կռվում են ու հերոսաբար զոհվում։ Չառանձնացնենք ու խտրականություն չդրսևորենք»,- ասաց Զեյնալյանը։
Այնուհետև նա անդրադարձավ ընդդիմադիրների հայտարարություններին․ «Այն տեսակետերը, որ հնչեցին մեր գործընկերների կողմից, Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ոչ միայն բազմիցս ներկայացրել է, պարտվել է ու այդ մարդկանց իրավունքների խախտման փաստը հաստատվել է։ Սա Հայաստանի պարտականությունների մեջ է մտնում՝ ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ ՀՀ սահմանադրությամբ։ Նույնիսկ այս խոսույթը, որ հնչում է, կարող է հանգեցնել այդ անձանց իրավունքների խախտման»,- շեշտեց Զեյնալյանը՝ հավելելով, որ այլընտրանքային զինվորական ծառայությունը ևս ծառայություն է։
Հարցը այնուհետև դրվեց քվեարկության և ընդունվեց 36 կողմ, 6 դեմ ու 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։