Հարցը, թե ի զորո՞ւ են գրականությունն ու արվեստը փոխել աշխարհը, չունի վերջնական պատասխան։ Ավելի շուտ՝ պատասխանը երկակի է՝ և այո, և ոչ։
Որևէ գիրք չի կարող կանգնեցնել կատաղությամբ ու ավերումի կրքով հարբած տանկը, կամ որևէ սիմֆոնիա չի կարող լռեցնել օդային կործանիչ սարքի ոռնոցը։ Սակայն մարդկության պատմության ընթացքում հազարավոր գրքեր գուցե շատ տանկեր են կանգնեցրել, և սիմֆոնիաները՝ կանխել երկնքից թափվող ռումբերի տարափը։
Սովորաբար նման պնդման հետ անհամաձայնությունը հետևյալ հարցի տեսքով է լինում․ ինչո՞ւ է, ուրեմն, աշխարհն այսքան վատը, և մարդիկ տարբեր տեղերում սպանում ու կոտորում են միմյանց, ինչո՞ւ է աշխարհը բզկտվում պատերազմներից, երբ մարդկությունը հազարամյակների քաղաքակրթություն է ստեղծել, հավերժական, անանց արվեստ ու մշակույթ, որի գլխավոր արժեքը հումանիզմն է, մարդը, կյանքը, սերը, Աստված։ Այս հարցի պատասխանն էլ հարցի պես կրկնվող ու պարզունակ է․ մենք չենք կարող վստահ լինել, թե առանց այդ մշակույթի Երկիր մոլորակը վաղուց կործանված չէր լինի։
Չափազանց կարևոր է, թե արվեստագետը ինչ շարժառիթով է սկսում և ինչ նպատակ է հետապնդում իր որևէ գործն սկսելիս, կամ ինչ բնույթի է ներշնչանքի աղբյուրը։
Գրելը, նկարելը, բեմադրելը, տիեզերքում թափառող հնչյունները որսալն ու համադրելով մեղեդի ստանալը գործողություն են, բայ են։ Իսկ բայն ունի երեք բնույթ կամ սեռ։ Մեկը կրավորական կեցվածք ունի կյանքի ու աշխարհի հանդեպ, կրում է աշխարհի, կյանքի դառն ու քաղցր ազդեցությունն իր ներաշխարհի վրա, անցկացնում իր հոգով ու ստեղծում արվեստի իր գործը։ Երկրորդը փորձում է ներգործել, ազդեցություն ունենալ իրեն շրջապատող աշխարհի, երկրի, հասարակության վրա, փորձում փոխել ինչ-որ բան։ Եվ երրորդը միանգամայն չեզոք կեցվածքով է նայում աշխարհին։ Եթե նույնիսկ կրում է աշխարհի ազդեցությունը, ապա կարողանում է ձերբազատվել դրանից, կարողանում է նաև զսպել աշխարհում բան փոխելու, կյանքի վրա ներգործելու մղումը և մնալ չեզոք դիտող ու պատմող։
Ընդ որում, երեք դեպքում էլ պարտադիր չէ, որ պատկերանա իրական աշխարհը։ Արվեստի աշխարհը իրականի կրկնօրինակը չէ։ Հաճախ սխալմամբ ռեալ աշխարհին տալիս են լուսանկարչական անվանումը։ Բայց արվեստի մակարդակ ունեցող լուսանկարչությունն անգամ իրական կյանքը չէ, աշխարհն ու մարդը չէ։ Այն չէ, ինչը տեսնում ենք մեր շուրջը, այլ այն է, ինչը չենք տեսնում։
Հայերս ստեղծել ենք կրավորական ու չեզոք սեռի մեծագույն արժեքներ՝ «Նարեկ» ու «Սասնա ծռեր», հայ մանրանկարչություն ու խաչքար։ Սա չի նշանակում, թե չեն եղել կյանքի ու իրականության վրա ազդելու փորձեր։ Հատկապես հայ գրականությունը այդպիսի գործերի պակաս չունի՝ սկսած Աբովյանի «Վերքից» մինչև Րաֆֆու վեպերը։ Այս առատությունը հայ ժողովրդի դաժան պատմության ու ճակատագրի արգասիքն է։
Կեղծավոր ու երկերեսանի է տեսակետը, թե չկան լավ և վատ ազգեր։ Լավ և վատ գուցե չկան, բայց կան ազգեր, որոնք մշակույթ ու քաղաքակրթություն են ստեղծում, և կան ուրիշ ազգեր, որոնք կործանում են այդ մշակույթներն ու սեփականում դրանց մնացորդ փլատակները։ Մեր պատմությունը լի է այդպիսի ավերներով և ուրիշին թողած մշակութային ժառանգությամբ։
Հայ գրողն անընդհատ ծանրաբեռնված է եղել կորուստների այդ ընթացքը ինչ-որ կերպ փոխելու, կասեցնելու հոգսով։ Այդ նպատակը գեղարվեստական ու գեղագիտական տիրույթից դուրս է և միայն գաղափարական շերտի մաս է դառնում։ Քիչ կան հայերիս պես փոքրաթիվ ազգեր, որոնք այդքան շատ պատմավեպ ստեղծած լինեն; Հայ պատմավեպը չեզոք բնույթի չէ, այլ ներգործականի գործառույթով է գրվել։ Ինքը՝ մեծ վիպասան Րաֆֆին, խոստովանում է, որ ավելի հաճույքով կգրեր «Խաչագողի հիշատակարանի» պես գործեր, բայց ստիպված էր «ծրագրային» «Սամվելը», «Խենթն» ու «Կայծերը» գրել՝ նպատակ հետապնդելով պատմության հերոսական օրինակներով ոգևորել ազգին ու հանել ազատագրական պայքարի։
Պատերազմները անպակաս են եղել շատ ազգերի պատմությունից։ Մեր դեպքում դրան գումարվում է նաև ազգի գրեթե կեսի ոչնչացումն ու հայրենիքի կորուստը։ Երկուսն էլ չէին կարող իրենց անդրադարձը չունենալ մեր արվեստի ու հատկապես գրականության վրա։ Թվում է, թե հայ գրականությունը լցված է կոտորածների ողբով։ Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է։
Բացի Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» հուշագրությունից ու Գառնիկ Ստեփանյանի «Մղձավանջային օրեր» ինքնակենսգրական վեպից, որը հրատարակվեց 1945 թվականին միայն մարշալ Բաղրամյանի միջնորդությամբ, այլ նշանակալի գործ մինչև Ցեղասպանության հիսնամյա տարելիցն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը չի գրվել ու հրատարակվել։
Խորհրդային Հայաստանում լռության պարտադրված կես դար էր, բայց և հայ գրողն ուներ իր արդարացումը, թե ինչու չի կարողանում այդ թեմայով գրել։ Հակոբ Օշականի կարծիքով՝ այնքան հնազանդ ենք կոտորվել, որ հայ գրողը նվաստացման զգացում է ունենում թեմային մերձենալիս։ Հրանտ Մաթևոսյանի կարծիքով էլ Եղեռնը յոթգլխանի հրեշ է, որի բերանից կրակ ու բոց է ելնում ու չես կարողանում մոտենալ՝ այրվում ես։
Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը, որը, ֆրանսահայ գրականագետ Մարկ Նշանյանի կարծիքով, արևելահայերեն երբևէ գրված լավագույն վեպն է, բառի բուն իմաստով փորձանք դարձավ գրողի գլխին։ Ծեծում էին տան դուռն ու գիրքը խփում հեղինակի գլխին։
Սիամանթոյի բանաստեղծությունները, Չարենցի ու Շիրազի Դանթեականները, Սևակի «Անլռելի զանգակատունը» տարօրինակ մի բան են հուշում։ Ինչպես կարո՞ղ էր կոտորածների թեման ստեղծագործական ներշնչանքի ազդակ դառնալ ավելի շատ հայ պոետի համար, քան արձակագրի։
Հայաստանի անկախացումից հետո միակ վեպը, որ գրվել է Ցեղասպանության թեմայով, Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետն» է։ Այլ գործ կամ չկա, կամ այնքան նշանակալի չէ, որ հիշվի։ Իսկ առհասարակ այդ թեմայով գրված երկու լավագույն վեպերը՝ Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունն» ու Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը», գրվել են ոչ հայերեն և ուրեմն հայ գրականություն չեն, այլ հայի գրած գրականություն։
Անարդար ու անմիտ է այսօր ստեղծագործող գրողից պահանջել ուշադրություն չդարձնել ոչ պատմական ցավերին, ոչ էլ ներկայի ազգային կորուստներին, շարունակվող պատերազմներին և ուշադրության առանցքում ունենալ ժամանակակից մարդու հոգեբանական խնդիրները։ Կարծես թե անդադար պատերազմական վիճակում գտնվող որևէ երկրի բնակիչ այդ ընթացքում դադարում է մարդ լինել և չի ունենում պարզ մարդկային հույզեր, ապրումներ, սեր, կյանք, տառապանք, հուսահատություն, կամք։ Պատերազմները երկրների ու ազգերի միջև են, բայց տառապանքն ու ցավը բաժին են ընկնում մարդուն։
Գրքի երևանյան վերջին փառատոնի մրցույթին ներկայացված շուրջ քառասուն արձակ գործերից քսանը քառասունչորսօրյա պատերազմի մասին էին կամ կրում էին դրա արձագանքները, և սա բնական է։ Այլ հարց է, թե որքան էին կամ քանիսն էին գեղարվետական արժանիքներով հետաքրքիր։
Արդյոք գրողը պիտի ավելի շատ առաջնորդվի ի՞ր մտահոգություններով, իրե՞ն հուզող, իրե՞ն ցավ կամ ուրախություն պատճառող իրողությունների գեղարվեստականացմամբ, թե՞ նկատի պիտի ունենա ընթերցողի պահանջները։ Հաստատ է, որ երկրորդ ճանապարհը լավ տեղ չի տանում։ Գուցե ավելի մեծ լսարան ու հանրային ճանաչում է ապահովում, բայց ոչ ավելի արժեքավոր ստեղծագործության ծնունդ։
Այսքանով հանդերձ անտեղի չէ մարդկանց տարակուսանքը, թե ինչպես կարող է պատերազմը կամ անգամ ցեղասպանությունը ստեղծագործական ներշնչանքի կամ ոգեշնչման առիթ դառնալ։ Բայց պետք չէ մոռանալ, որ երբեմն արվեստագետը կարող է ոչ թե ոգեշնչման, այլ մտատանջումի շարժառիթով առաջնորդվել։ Իրականում գեղարվեստական ինքնատիպ հղացումը, ստեղծագործական թարմ, նորովի կառուցումը, կենդանի, շնչող լեզուն ու արտահայտչամիջոցները երկրորդ պլան են մղում թեման ու սյուժեն, գործի ստեղծման շարժառիթն ու ներշնչանքի աղբյուրը։ Թե՛ գրականության մեջ և թե՛ բոլոր արվեստներում ամենակարևորը լավ կատարումն է։