Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր թերթի խմբագրին ու տնօրենին 

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի ոստիկանությունը AbzasMedia-ի դեմ շարունակվող իր գործողություններում ձերբակալել է պարբերականի գլխավոր խմբագրին և նրա հետ աշխատած մեկ այլ անձի։

Գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին ձերբակալվել է երեքշաբթի վաղ առավոտյան՝ Բրյուսելից Ադրբեջան վերադառնալուն պես, իսկ երկուշաբթի ձերբակալվել է հաշմանդամություն ունեցող իրավունքների պաշտպան և հարմարվողական նորաձևության մոդելավորող Մահամմադ Կեկալովը, որն աշխատել է AbzasMedia-ի հետ:

Վագիֆգիզիի ձերբակալությունը տեղի է ունեցել ոստիկանության՝ AbzasMedia-ի գրասենյակներ ներխուժման և տնօրեն Ուլվի Հասանլիի ձերբակալութան հաջորդ օրը: Երեքշաբթի երեկոյան Հասանլին և Վագիֆգիզիին Բաքվի դատարանը դատապարտել է չորս ամսվա նախնական կալանքի՝ Ադրբեջան մաքսանենգ արտարժույթ ներմուծելու մեղադրանքով։

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում: Երկու լրագրողներն էլ հերքում են մեղադրանքները և պնդում, որ իրենց ձերբակալությունները կապված են իրենց լրագրողական աշխատանքի հետ։

Ադրբեջանցի լրագրող Իսլամ Շիխալին OC Media-ին ասել է, որ Վագիֆգիզին ձերբակալվել է երեքշաբթի առավոտյան ժամը 03:30-ի սահմաններում, ոստիկանությունը նրան ուղեկցել է Բաքվում իր տուն, այնուհետեւ խուզարկել այն։

Ե՛վ Հասանլին, և՛ Վագիֆգիզին մեղադրվել են մաքսանենգության մեջ՝ որպես կազմակերպված խմբի մաս այն բանից հետո, երբ ոստիկանությունը իբրև թե գտել է 40 000 եվրո՝ AbzasMedia-ի գրասենյակները խուզարկելու ժամանակ:

Պարբերականը մեղադրել է իշխանություններին Հասանլիի դեմ մեղադրանքները կեղծելու նպատակով գումարները գրասենյակում պահելու մեջ, գործելաոճ, որ նրանց նաև նախկինում էին մեղսագրել: AbzasMedia-ն հայտնի է իր հետաքննական զեկույցներով, այդ թվում՝ Ալիևների ընտանիքի բիզնես գործարքների, ինչպես նաև 2020-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում իրականացվող վերակառուցման աշխատանքներում ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Մահամմադ Կեկալովը ձերբակալվել է իր տանը՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից, որոնք առգրավել են նրա անձնական իրերը, այդ թվում՝ համակարգիչը: Նրա փաստաբան Ռովշանա Ռահիմլին երեքշաբթի OC Media-ին ասել է, որ դեռ չգիտի՝ ինչու և նույնիսկ որտեղ են նրան պահում:

«Ես դիմել եմ մի քանի պետական գերատեսչությունների՝ Բաքվի քաղաքային ոստիկանության գլխավոր վարչություն, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ և այլ հաստատություններ,- ասել է նա։- Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից ասել են, որ իրենք համապատասխան հարցումներ կանեն և նորից կկապվեն մեզ հետ»։

«Իրավական աբսուրդ»

AbzasMedia-ի դեմ ճնշումը արժանացել է ադրբեջանական լրագրողների և ակտիվիստների քննադատությանը, որոնցից ոմանք այն դիտում են որպես «բեմադրված ներկայացում» և խոսքի ու մամուլի ազատության նկատմամբ նոր ոտնձգություն:

Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլը պնդում է, որ ձերբակալությունները «իրավական աբսուրդ» են և «երկրի ղեկավարության թուլության դրսևորում»։

«Իշխանությունը, ինչպես միշտ, իր երեսին է քսել սեփական այլանդակությունը. նրանք ոչինչ չէին կարող անել՝ ո՛չ ազնիվ լինել, ո՛չ էլ հանդուրժել նրանց անազնվությունը բացահայտող ճշմարտությունը,- ասել է նա։- Երկու երիտասարդ լրագրողներ հունից հանեցին կոռումպացված պաշտոնյաների բանակին, այդ թվում՝ նախագահին»։

Երեքշաբթի ավելի ուշ մի խումբ ադրբեջանցի լրագրողներ և ակտիվիստներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով AbzasMedia-ի գլխավոր խմբագրի և տնօրենի ձերբակալությունը՝ որպես երկրում խոսքի ազատության «անողոք ճնշումների» մաս։

«AbzasMedia-ի դեմ բռնաճնշումները […] ազատ մամուլի նկատմամբ քաղաքական համակարգի դաժան վերաբերմունքի արտահայտությունն են։ Մենք կարծում ենք, որ այս բոլոր բռնաճնշումների պատասխանատվությունը կրում է նախագահ Իլհամ Ալիևը, որը միջազգային հարթակներում միանշանակ ասում է, թե Ադրբեջանում լրատվամիջոցներն ազատ են»:

Միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում Amnesty International-ը, «Լրագրողներ առանց սահմանների»-ն, Լրագրողների պաշտպանության կոմիտեն և Մամուլի միջազգային ինստիտուտը նույնպես դատապարտել են ձերբակալությունները և կոչ արել ազատ արձակել Հասանլիին և նրա գործընկերներին:

Մեկնաբանել