Ի՞նչ պետք է իմանալ արցախցիների կենսաթոշակներին ու նպաստներին առնչվող նոր օրենքների մասին

Tense situation in the Artsakh representation in Armenia

Գևորգ Թոսունյան

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Այս փոփոխությունները պայմանավորված էին Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի անձանց կենսաթոշակային ու նպաստային կարիքների ապահովման համար։ Ըստ փոփոխությունների՝ նախատեսվում է հետևյալը։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում

  • Սահմանվել է փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը։
  • ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս հաշվի է առնվելու Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները։
  • Կարգը սահմանելու է կառավարությունը, այսինքն՝ առաջիկայում այս ամենի վերաբերյալ կլինի կառավարության որոշում։
  • Կառավարությունը սահմանելու է Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները, ինչի շրջանակում հնարավոր կլինի հստակեցնել արդեն նշանակված կենսաթոշակների, ինչպես նաև նոր նշանակվելիք կենսաթոշակների դեպքերում խնդրո առարկա ստաժը հաշվարկելու կանոնները։ Այս դեպքում էլ առաջիկայում կառավարությունը հանդես կգա համապատասխան որոշմամբ։
  • ՀՀ կառավարությանը փոխանցվել է կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը: Այս դեպքում հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները «վերանշանակել» (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել) առցանց դիմումի հիման վրա։
  • Սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձը, քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք։
  • Ստեղծվել է իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի տարածքում ձևավորված տեղեկատվական բազաներից (կենսաթոշակի, հարկային մարմնի և այլն) կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ տվյալները ստանալու և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար:

«Պետական նպաստների մասին» օրենքում

  • Կառավարությանը վերապահվել է փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետ սահմանելու լիազորությունը։
  • Կառավարությունը սահմանելու է նաև չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու փաստաթղթերի ցանկը: Այս դեպքում հնարավոր կլինի մայրության նպաստ նշանակել ոչ միայն ՀՀ կամ ԱՀ բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի, այլև ՀՀ կամ ԱՀ իրավասու մարմնի տված երեխայի ծննդյան վկայականի հիման վրա:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

  • Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրամադրվելու է զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում։
  • Կարգը սահմանելու է կառավարությունը։

Մեկնաբանել