«Այսօր Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ։ Հայաստանում կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, որ մենք գնանք, մեր հրատապ գործերով զբաղվենք»,- կառավարության նոյեմբերի 23-ի նիստում հակակոռուպցիոն գործընթացներից բողոքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս ասաց՝ իրավապահների գործողությունների քաղաքական պատասխանատվությունը իրենք են կրում։ Մեր հանրությունը հստակ դժգոհ է նախկինում տեղի ուենցած կոռուպցիոն գործերի քննության ու ապօրինի գույքի վերադարձի գործընթացից։
«Չեմ կարող ասել, որ անարդար է, երբ հանրությունը դժգոհ է։ Հանրությունը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակից ու չեմ կարող ասել, որ հանրությունը անարդար է։ Այստեղ խոսքը միայն իրավապահների մասին չէ, մենք էլ ունենք պատասխանատվության մեր բաժինը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Արդարադատության նախարարը միացավ Փաշինյանի բողոքին՝ իրենք ժառանգել են խայտառակ վիճակում գտնվող արդարադատական համակարգ։ Գրիգոր Մինասյանն ասաց՝ միայն այս տարվա վերջին է, որ կառավարությունն ամեն ինչ արել է, ու կարելի է ասել՝ գնդակը իրավապահների ու դատավորների դաշտում է։