Պաշտոնական Մոսկվան չի հավատում Հայաստանի՝ առանց վեկտոր փոխելու արտաքին քաղաքականության բազմազանեցման մասին հավաստիացումներին:
«Սա իրական մտադրությունները քողարկելու բացահայտ փորձ է», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ արտաքին քաղաքականության ուղենիշ չփոխելու մասին հայտարարությանը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն Արմեն Գրիգորյանի խոսքում տեսնում է «արտաքին հարցերում հանրապետության արմատական վերակողմնորոշում»:
«Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները, ոչ առանց Արևմուտքի հուշումների, փորձում են դա թաքցնել՝ հավատալով, որ այդ կերպ կարող են խլացնել մեր զգոնությունը։ Շտապեմ հիասթափեցնել՝ մենք ամեն ինչ տեսնում ենք և համապատասխան եզրակացություններ անում», – նշել է Զախարովան։
Այնուհետև նա անդրադարձել է հայտարարություններին, թե «Հայաստանը ստիպված է որոնել այլընտրանքներ անվտանգության հարցում` չստանալով Ռուսաստանից իր խնդրանքներին պատասխան» և «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը»: Պաշտոնյան դրանք անվանել է սեփական մեղքն ուրիշների վրա բարդելու փորձ:
«Խորհրդակցություններ են եղել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ, սակայն Երևանը գիտակցաբար որոշում է կայացրել՝ հօգուտ հանրապետությունում ԵՄ առաքելություն տեղակայելու: Սա Հայաստանի, ոչ թե ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների ընտրությունն է», – նշել է Զախարովան:
Հատկանշական է, որ Հայաստանը վերջին երկու տարում ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին դիմել է ոչ թե դիտորդներ տեղակայելու խնդրանքով, այլ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ռազմաքաղաքական աջակցություն և քաղաքական գնահատական ստանալու պահանջով:
Հայաստանին ուղարկվել է բանակցելու հրավեր
Զախարովան նաև անդրադարձել է Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ինքը տեղյակ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներից:
«Կարող եմ ասել, որ հայկական կողմին այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին հրավերներ են ուղարկվել բանակցություններ վարելու ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում։ Դրանց վերաբերյալ դեռ հստակ պատասխաններ չենք ստացել», – ասել է Մարիա Զախարովան։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «Երևանը շտապում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Վաշինգտոնում և Բրյուսելում, թեև ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ մի շարք պատճառներով»: Նրանց գործողություններում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տեսնում է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմների ոչնչացման նպատակ։
Զախարովան Արևմուտքին մեղադրել է Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները «գողանալու» և «այլափոխելու» համար և ձախողված է անվանել Երևանի անվերապահ խաղադրույքն առ այն, թե Արևմուտքը կօգնի իրեն:
Ֆրանսիական Bastion-ների մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի մոռացել անդրադառնալ Հայաստանին ֆրանսիական Bastion զրահամեքենաների մատակարարման մասին լուրերին: Նա «միամիտ» է անվանել այդ զրահամեքենաների վրա հույս դնելը:
«Դրանք Ուկրաինայում իրական մարտական պայմաններում շատ ցածր արդյունավետություն են ցուցաբերել», – ասել է Զախարովան` խորհուրդ տալով այդ մասին հարցեր ուղղել ռուս զինվորականներին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի համոզմամբ՝ Փարիզը Երևանին «ոչ իրացվելի ակտիվներ» է վաճառում, որոնք չէր կարող վաճառել այլ ուղղություններով։ «Թե կոնկրետ ինչպես այս ձեռքբերումը կուժեղացնի Հայաստանի ինքնիշխան տարածքի անվտանգությունը (ինչպես ասվում է Արմեն Գրիգորյանի հարցազրույցում), մնում է առեղծված։ Էլ չենք խոսում այն մասին, որ ռազմական տեխնիկայի նման հավաքովի սոլյանկան երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել է և որի համար վճարել է։ Բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ խոսքը շուրջ 400 մլն դոլարի սպառազինության մասին է: