Ռեալը ջախջախում է Այաքսին, Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց. Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով պարտության մատնեց «Այաքսին» և հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Առաջին խաղակեսն անցավ «արքայական» ակումբի բացահայտ առավելությամբ և 42-րդ րոպեին մադրիդցիների առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն առաջ մղեց իր թիմին: Ժոզե Մոուրինյոյի սաները շատ ակտիվ էին նաև 2-րդ խաղակեսի սկզբնասում, և այդ ակտիվությունը շուտով տվեց իր արդյունքը. 48-րդ րոպեին «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ` Կակայի փոխանցումից հետո շրջադարձ հարվածով հաշիվը դարձնելով 2:0: 2-րդ գոլից հետո իսպանական ակումբի ֆուտբոլիստները փոքր-ինչ կորցրին զգոնությունը և պատժվեցին. 56-րդ րոպեին «Այաքսի» պաշտպան Նիկլաս Մոյսանդերը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հոլանդական թիմի ուրախությունը երկար չտևեց: Կրիշտիանո Ռոնալդուն 79-րդ և 81-րդ րոպեներին ևս 2 գոլ խփեց` դառնալով հեթ-տրիկի հեղինակ: «Այաքս» – «Ռեալ»` 1:4:

B խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» մոտ էր «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուն, սակայն Յուրգեն Կլոպի սաները վերջին րոպեներին ձեռքից բաց թողեցին հաղթանակը:

Ամբողջ հանդիպումն անցավ դորտմունդցիների առավելությամբ և 61-րդ րոպեի Մարկո Ռոյսն առաջ մղեց «Բորուսիային», այդուհետ գերմանական թիմի ֆուտբոլիստները ևս մի քանի անգամ կարող էին գրավել Ջո Հարթի դարպասը, սակայն վերջինս գրեթե անսխալ էր գործում: Թվում էր «Սիթին» այլևս ոչինչ չի կարող անել և 2-րդ անընդմեջ պարտությունը կկրի, սակայն 89-րդ րոպեին Սերխիո Ագուերոյի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ Սուբոտիչի ձեռքին և մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Մարիո Բալոտելին չվրիպեց: «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա»` 1:1:

Այսպիոսով, 2-րդ տուրից հետո «չեմպիոնների» խմբում վաստակած 6 միավոր միանձնյա առաջատարի դերը ստանձնեց «Ռեալը», 2-րդ տեղում «Բորուսիան» է` 4 միավոր, «Մանչեսթեր Սիթին» ունի 1 միավոր, իսկ «Այաքսը» միավոր չունի:

Մեկնաբանել