Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատն ու նրա իրական շահառուները նոյեմբերի 23-ի դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում, և ընկերության նկատմամբ կիրառելի չէ միջազգային որևէ պատժամիջոց, հայտարարել է կոմբինատը։
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից սահմանված պատժամիջոցների տակ էր հայտնվել Պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն։ Գլեբ Տրոցենկոն այդ ժամանակ նաև կոմբինատի իրական շահառուն էր, խոշոր բաժնետեր։ Ըստ պետքարտուղարության՝ Տրոցենկոների ընտանիքը ռուսական մեծահարուստ ընտանիք է, որը մտերիմ է Վլադիմիր Պուտինի հետ՝ «իրենց հարստությունը պահելու համար»։ Պատժամիջոցների ցանկում ներառված են Տրոցենկոների ընտանիքին պատկանող Aeon Corporation ներդրումային ընկերությունը, շինարարական, մետաղական այլ ընկերություններ ևս։ Ցանկում չկային «Գեպրոմայնինգ գոլդ»-ն ու ԶՊՄԿ-ն։
Այսօր տարածած հայտարարության մեջ ԶՊՄԿ-ն նաև հայտնում է, որ ընկերության իրական շահառու Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023-ի հոկտեմբերի 27-ին ԶՊՄԿ-ում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով, և ներկայում Տրոցենկոյի և ընկերության միջև որևէ հարաբերություն չկա:
Կոմբինատի նոր մեծամասնական բաժնետեր է դարձել Սվետլանա Երշովա անունով մի կին։