Մոռացե՛ք գեներալ Բոնապարտին․ Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» ֆիլմի շուրջ

The Economist հանդեսը անդրադարձել է Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» ֆիլմին, որը էկրան է բարձրացել այս շաբաթ։ «Բռնակալ, ազատագրող, պատերազմող, բյուրոկրատ. Նապոլեոնի վաստակը» (Tyrant, liberator, warmonger, bureaucrat: the meaning of Napoleon) վերնագրով հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Սա Նապոլեոնի մայրցամաքն է, որտեղ եվրոպացիները պարզապես ապրում են

Երբևէ ձեզ վիճակվե՞լ է դիտել ֆիլմ այն մասին, թե որքան կարևոր են բյուրոկրատական բարեփոխումները: Կամ երբևէ ցանկացե՞լ եք դիտել նման ֆիլմ: Որոշ միամիտներ հույս ունեին, թե հոլիվուդյան այս շաբաթվա բլոկբաստերը հագուրդ կտա իրենց այդ հույզերին: Ավաղ, «Նապոլեոնը»՝ մեծաբյուջե կենսագրական ֆիլմը, կանխատեսելի էր․ կորսիկացին պետք է բացարձակ իշխանության հասներ որպես ֆրանսիական կայսր, անվերջանալի պատերազմներ մղեր ու գերեր մի շարք սիրուհիների սրտեր: Արյունը, քրտինքը և պալատական սիրախաղերը հուզիչ են, սակայն անտեսում են Նապոլեոնի վաստակը: Եվրոպայի պատմության ընթացքում շատ բռնակալներ են բուռն պատերազմներ մղել, կառավարել, սակայն քչերի ուղին է այսքան հարատև նշանավորել կյանքը ժամանակակից Եվրոպայում ու դրանից անդին: Մոռացե՛ք գեներալ Բոնապարտին․ Նապոլեոնը, որն իսկապես կարևոր է, նա է, ով տասնյակ վարչական հավաքներ անցկացրեց՝ հիմք դնելով այն օրենքներին ու ինստիտուտներին, որոնցով մինչ օրս ապրում են հարյուր միլիոնավոր մարդիկ:

Եվրոպացիները չգիտեն, թե որն է Նապոլեոնի տեղը, որը ղեկավարել է Ֆրանսիան 1799-1814 թվականներին (մի փոքր քիչ, քան Անգելա Մերկելն է ղեկավարել Գերմանիան երկու դար անց)՝ մինչև 1815-ի կարճ վերադարձը: Շատերի համար նա ընդամենը հեռավոր պատմության մի գործիչ է՝ Հուլիոս Կեսարը վերելքի օրերին կամ Կառլոս Մեծը, որի իշխանությունը տարածվում էր աշխարհամասի հսկայական տարածքների վրա։ Քննադատները Նապոլեոնին ներկայացնում են որպես անձնական նկրտումների պատճառով մահվան ու ավերի հանգեցրած բռնապետի, որպես 20-րդ դարի տոտալիտար բռնակալների նախակարապետի։ Իսկապես, Նապոլեոնն ու նրա Պանծալի բանակը (Grande Armée) միլիոնավոր մարդկանց սպանեցին: Ժամանակի բնակչության թվաքանակը հաշվի առնելով՝ դա թերևս համադրելի էր Ադոլֆ Հիտլերի կամ Իոսիֆ Ստալինի խլած կյանքերի հետ: Բայց, ի տարբերություն նրանց, Նապոլեոնի կառավարումը ժառանգություն թողեց ինստիտուտներ, օրենքներ և բարեփոխումներ, որոնք Եվրոպային տարան դեպի ավելի ազատ և ավելի լավ կառավարում:

Նապոլեոնի շարունակվող ներկայությունը տեսանելի է Ֆրանսիայի առօրյա կյանքում. երիտասարդները սովորում են նրա հիմնադրած լիցեյներում, զբոսաշրջիկների հոսքերը ձգվում են դեպի նրա ազդու դամբարանը, իրավաբաններն ուսումնասիրում են նրա քաղաքացիական հաստափոր օրենսգիրքը:

Նապոլեոնին ավելի քիչ են մեծարում այն ​​վայրերում, ուր նա գնացել էր իր հեծելազորով ու հրետանիով։ Այնուամենայնիվ, Ամստերդամից մինչև Նեապոլ, Վարշավայից մինչև Մադրիդ ձգվող այդ տարածքներում ևս նշանակալի է նրա հետքը: Երբ Նապոլեոնն իշխանության եկավ, Ֆրանսիայում արդեն եղել էր 1789-ի հեղափոխությունը, որը տապալել էր հին ռեժիմը (ancien régime)՝ քաղաքական կարգը, որի վերևում էին ազնվականությունը, հոգևորականությունն ու գիլդիաները: Նապոլեոնի վաստակը լուսավորչական այս մոտեցման արտահանումն էր։ Ֆրանսիական հեղափոխության մոդելը՝ այլ մոդելների խառնուրդով ու աներկբայորեն ներծծված ժողովրդավարության տարրերով՝ ի շարս այլ փոփոխությունների, Եվրոպայում այն ժամանակվա գերիշխող քաղաքական համակարգն էր՝ նույնիսկ այն հատվածներում, որոնք նա չէր նվաճել:

Նապոլեոնը շատ հեռու էր լիբերալ հերոս կոչվելուց: Քննադատները կասեն, որ նա թուլացրեց այն իրավունքները, որոնք հեղափոխությունը շնորհել էր կանանց, և վերահաստատեց ստրկությունը Անթիլյան կղզիներում: «Պլեբիսցիտը», որ կեղծվեց այնտեղ, կամաչացներ անգամ այսօրվա հյուսիսկորեացիներին: Նրա օրոք եղել է առնվազն մեկ քաղաքական սպանություն, իսկ տղամարդիկ կամա-ակամա զոհվում էին մարտի դաշտերում։ Բայց քաղաքացիական օրենսգրքի ներդրումը, որն առաջնորդում էր Բոնապարտը,- անձամբ նախագահում էր բազմաթիվ օրինագծերի վերաբերյալ նիստեր, և ահա թե ինչու այն ժամանակի ընթացքում անվանվեց Նապոլեոնի օրենսգիրք,– շրջադարձային էր Եվրոպայի համար: Անթափանցիկ սովորութային օրենքները, որոնք տեղական մեծամեծերի կողմից պարտադրվում էին քաղաքացիների մի մասին և չէին կիրառվում մյուս մասի համար, փոխարինվեցին թափանցիկ կանոններով՝ գրված այնպես, որ հասկանա (կրթված) հանրությունը: Սնահավատությանն ու ավանդույթներին փոխարինեց «փայլուն ողջախոհությունը»՝ ամենաֆրանսիական բանը երբևէ:

Մոռացե՛ք ազնվականությանը կամ եկեղեցուն տրված արտոնությունները. իշխանության միակ աղբյուրը պետությունն է: Արտոնություններից զրկվեցին (շատերն արդեն զրկվել էին գլուխներից) հողատեր ազնվականները, ինչպես նաև հոգևորականներն ու քաղաքային օլիգարխիան՝ գիլդմայստերները, որոնք խեղդում էին նորարարությունը և չքավոր մարդկանց պահում իրենց տեղում: Պետական վարչակազմում ծաղկում էր մերիտոկրատիան։

Նապոլեոնը չէ, որ հորինել է եվրոպական պետությունը, բայց նա է ցույց տվել, թե ինչպես այն կարող է քայլել դեպի արդի դարաշրջան: Ֆրանսիայի անգամ կարճատև ներխուժումները հաճախ հանգեցնում էին արագ բարեփոխումների այն երկրներում, որոնք ամբողջությամբ չէին չեղարկվում նույնիսկ նրա զորքերի դուրսբերումից հետո: Գերմանիայի՝ Ֆրանսիայի վերահսկողությանն անցած շատ մասերում հին էլիտաները միայն մասամբ էին վերականգնում իրենց դիրքերը: Տնտեսագետները պարզել են, որ ավատատիրության սարդոստայնի մաքրումն ու կանխատեսելի օրենքների սահմանումը թույլ էին տալիս ավելի արագ աճ ապահովել այն վայրերում, որտեղով անցել էին ֆրանսիական զորքերը։ Եվրոպայի այն մասերը, որոնք ընկել էին Նապոլեոնի տիրապետության տակ, ավելի արագ էին արդյունաբերականանում՝ ընդհուպ մինչև 1850: Եվ Նապոլեոնիզմի տարածումը չէր սահմանափակվում նրա հայրենի եվրոպական աշխարհամասով. Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի մեծ մասի իրավական համակարգերը նրա ստեղծած օրենսգրքի փոխակերպումներն են:

Պարզապես մի՛ հիշատակեք Ռուսաստանը

Նապոլեոնը կարո՞ղ է կոչվել Եվրոպայի հիմնադիր հայրերից մեկը՝ որպես ոտնաքար Կառլոս Մեծի ու Ժան Մոնեի միջև: Պատմության սիրահարները նրան հիշում են որպես Հռոմեական սրբազան կայսրության՝ աշխարհամասի հազարամյա այդ նախաձեռնության կործանողի: Բայց այն, ինչ փոխարինեց դրան, ևս մեկ քայլ էր դեպի այսօրվա կիսաֆեդերալիզմ: Նապոլեոնին հակազդելու համար ստեղծված համաեվրոպական ռազմական կոալիցիաները վերածվեցին դիվանագիտական շարունակական հավաքների, որոնք կազմակերպվում էին Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար: Եվրոպական Միության այսօրվա գագաթնաժողովների օրինակով՝ երկրների առաջնորդները և նրանց բանագնացները սկսեցին կանոնավոր հանդիպումներ ունենալ 1814-1825 թվականներին (բրիտանական տարբեր աստիճանի հետաքրքրություններով, ինչը ևս մեկ հաստատուն էր): Վերջնարդյունքը՝ ևս մի քանի պատերազմներից հետո «Եվրոպայի միացյալ նահանգների» տարբերակն էր, որը հղացել էր ինքը՝ Նապոլեոնը՝ իր միասնական օրենքներով և արժույթով: (Քննադատներն իհարկե կմատնանշեն, թե ինչպես է Գերմանիայում և Իտալիայում ծնվել ազգայնականությունն ու ինչերի է այն հանգեցրել):

Հոլիվուդյան պրոդյուսերները միակը չեն, որ Նապոլեոնին հիշում են ոչ թե որպես բարեփոխիչի, այլ որպես ռազմամոլի: Փարիզը լի է նրա գեներալների անուններով փողոցներով, մինչդեռ նրա քաղաքացիական բարեփոխումների հեղինակները մոռացված են: «Իմ իսկական փառքը իմ հաղթած քառասուն ճակատամարտերը չեն… այն, ինչ հավերժ կապրի, իմ քաղաքացիական օրենսգիրքն է»:

Պարզվում է, որ մարդիկ հիշել են Նապոլեոնի դարաշրջանի սխալ դասերը։ Լուսավորյալ կինոմագնատը կարող է փորձել դա շտկել «Նապոլեոն՝ մաս 2. արտակարգ բյուրոկրատ» սերիայով:

Թարգմանությունը Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել