Բաքու-Երևան ուղիղ բանակցությունների վտանգները

Նոյեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկությունների վեցերորդ փաթեթը։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն բողոքել էր, որ Հայաստանը երկու ամիս չէր պատասխանում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկությունների վերջին փաթեթին։

Երևանի պատասխան առաջարկությունները ստանալուց հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որի գլխավոր կետը Հայաստանին ուղղված հրավերն էր՝ շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները երկկողմ ձևաչափով՝ փոխադարձ ընդունելի վայրում կամ պետական սահմանին։ Հայաստանի արտգործնախարարությունը այս առաջարկությանը արձագանքեց պատասխան հայտարարությամբ, որով ո՛չ մերժեց, ո՛չ էլ ընդունեց ուղիղ բանակցությունների գաղափարը։ Այնուամենայնիվ, Երևանը հայտնեց, որ պատրաստ է մասնակցել սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը հայ-ադրբեջանական սահմանին։

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ կա նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 30-ին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հատվածներից մեկում։ Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, այն առաջին նմանատիպ հանդիպումը չի լինելու։ Պետական սահմանի տարբեր հատվածներում այդ ձևաչափով երկու հանդիպում արդեն իսկ կայացել է։

Պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկն ու այդ հանդիպման անցկացումը Երևանի կողմից փորձ է հրաժարվելու խաղաղության պայմանագրի օրակարգով երկկողմ բանակցություններից՝ առանց Ադրբեջանին գրգռելու։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Արևմուտքի հետ սրվող հարաբերությունների ֆոնին Բաքուն մեծացնելու է ճնշումը Երևանի նկատմամբ, որպեսզի վերջինս ընդունի երկկողմ բանակցությունների ձևաչափը նաև խաղաղության պայմանագրի օրակարգում։

Այս ձևաչափի հետ կապված մի շարք հնարավոր ռիսկեր կարող են գոյություն ունենալ։ Առաջինն այն է, որ արևմտյան հարթակներում տարուց ավելի տևած բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված սկզբունքները ձևաչափի փոփոխության արդյունքում կարող են զրոյացվել։ Սա հավանաբար Ադրբեջանի հիմնական նպատակներից է։ Պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարարության վերոնշյալ հայտարարության մեջ առանձին պարբերությամբ նշվել էին այն սկզբունքները, որոնց վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել կողմերի միջև։

Համաձայնեցված սկզբունքների բացակայության ու կողմերի միջև ուժային լուրջ անհավասարակշռության պայմաններում Ադրբեջանն ամենայն հավանականությամբ Հայաստանին կկարողանա պարտադրել իր առավելապաշտական պահանջները գոյություն ունեցող խնդիրների շուրջ։

Երկկողմ ձևաչափի հետ կապված մեկ այլ խնդիր է այն, որ միջնորդների բացակայության պայմաններում բանակցությունների ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունների կատարումը ավելի խնդրահարույց է դառնալու։ Կողմերը կարող են պարզապես այդ պայմանովորվածություններն իրենց համար նախընտրելի կերպով մեկնաբանել։ Այս երևույթն առկա էր նույնիսկ միջնորդների ներգրավվածության պարագայում։

Եվ, վերջապես, երկկողմ ձևաչափի հետ կապված երրորդ խնդիրը կարող է լինել այսպես կոչված երաշխիքների ինստիտուտի հետ կապված հարցը։ Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները ինչ-որ փուլում սկսեցին նախապատվություն տալ վաշինգտոնյան հարթակին՝ հույս ունենալով, որ Միացյալ Նահանգները ակտիվ ներգրավվածություն կունենա ստորագրվելիք փաստաթղթի իմպլեմենտացիայի գործընթացում։ Երևանն այս հարցը մինչև վերջերս ամենասկզբունքային խնդիրներից մեկն էր համարում։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարում էր, որ առանց լուրջ երաշխիքների ստորագրված պայմանագիրը չի կարող ապահովել խաղաղություն տարածաշրջանում։ Այդ առումով, եթե Ադրբեջանին հաջողվի բանակցային գործընթացը տանել դեպի երկկողմ ձևաչափ, ամենայն հավանականությամբ պայմանագրի իմպլեմենտացիայի մեխանիզմների հարցը ևս ոչ ակտուալ է դառնալու։

Այնուամենայնիվ, ի հեճուկս այս բոլոր վտանգների, կա բավականին մեծ հավանականություն, որ Երևանը ի վերջո ստիպված է լինելու ընդունել բանակցային ձևաչափի վերաբերյալ ադրբեջանական նոր պատկերացումները։ Եթե Վաշինգոտնն ու Բրյուսելը ավելի կոշտ քայլեր չկիրառեն Բաքվի նկատմամբ՝ փորձելով Ադրբեջանին հետ բերել արևմտյան հարթակներ, Հայաստանի իշխանությունները հակված են լինելու բանակցել երկկողմ կամ տարածաշրջանային ձևաչափերով։ Այս զարգացմանը կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետի վրա ազդեցություն ունեցող գործիչների շրջանում ևս կան այս տարբերակի ջատագովներ։

Մեկնաբանել