«Հայաքվե» նախաձեռնությունը, որը ամռանը հավաքեց օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելի՝ 58 000, նոյեմբերի 24-ին մտավ Ազգային ժողովի օրակարգ, սակայն խորհրդանական լսումների ձևաչափով։ Քննարկումը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» նախաձեռնությունը։
Այս տարվա սկզբին մի խումբ քաղաքացիներ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ղեկավարությամբ, սկսեցին «Հայաքվե» նախաձեռնությունն ու հունիսի 21-ից օգոստոսի 19-ը անցկացրին ստորագրահավաք։ Արդյունքում 58 000-ից ավելի քաղաքացի իր ստորագրությամբ կողմ արտահայտվեց, որ նախաձեռնության մշակած օրենսդրական փոփոխությունը մտնի խորհրդարանի օրակարգ։ Նախաձեռնությամբ նախատեսվում է փոխել Քրեական օրենսգիրքը՝ ավելացնելով երկու հոդված, որոնք երկուսն էլ տասից տասնհինգ տարվա պատժաչափ են սահմանում Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելու համար։ Որպեսզի օրենսդրական այս նախաձեռնությունը դրվի հանրաքվեի, այն պետք է հաստատի Ազգային ժողովը, որտեղ մեծամասնական ուժը՝ Քաղաքացիական պայմանագիրը, քննադատաբար է բերաբերվում «Հայաքվե»-ին։
«Նախաձեռնության վերաբերյալ մեր քաղաքացիները իրենց միահամուռ կամքն են արտահայտել, որովհետև այն վերաբերում է պետականության հիմնասյուներին, ամենակարևորագույն մարտահրավերներից երկուսին՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության իրացմանը և Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման պահանջատիրությանը»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը։
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ լսումների արդյունքով ընդունվելու է հայտարարություն․ «Այդ հայտարարությամբ ի ցույց է դրվելու նախաձեռնության կարևորությունն ու ամրագրվելու է, որ 50 հազարից ավելի քաղաքացիներ հետևողականորեն իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքը՝ պարտադրելով, որ իրենց ներկայացուցիչները խորհրդարանում ընդունեն նախագիծը»,- ընդգծեց պատգամավորը՝ ամփոփելով, որ նախագիծը դեկտեմբերի 4-ին կքննարկվի համապատասխան հանձնաժողովում, որից հետո պետք է քվեարկության դրվի՝ խորհրդարանի օրակարգ մտնելու հարցով։
Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ իշխանության քաղաքականությունն է բերել Արցախի հայաթափմանը․ «Այս իշխանությունը գործում է՝ ելնելով մի կանխավարկածից, որ մեր քաղաքացիներն ամեն բանի կարող են համակերպվել։ Մենք այս նախաձեռնությամբ ցանկանում ենք հստակ պատասխանատվություն սահմանել՝ մեր Սահմանադրությունը ոտնահարելու, հանուն սեփական իշխանության հայրենիքն ուրանալու, նախորդ սերունդների արյունով ու քրտինքով ստեղծածն ու պահածը թեթևամտորեն թշնամուն հանձնելու համար։ Մենք համոզված ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր նախաձեռնությունն ավելի քան արդիական է, և նրա իրավական հիմքերն անխոցելի են»,- ասաց Չալաբյանը։
Գևորգ Թոսունյան