Արցախցիների համար կլինեն բնակարանային ապահովման ծրագրեր, սակայն այս պահին վերջնական որոշում չկա, ընթանում են քննարկումներ. ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այժմ քննարկումներ են ընթանում՝ ինչպես Արցախից բռնի տեղահանվածներին ապահովել բնակարանով: «Բնականաբար, կլինեն բնակարանային ապահովման ծրագրեր, ուղղակի այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնել, որ եթե գնանք շինարարության ճանապարհով, դա կտևի երկու-երեք տարի: Այդ մարդիկ բնակարան կունենան ոչ շուտ»,- ասել է նախարարը:
Մյուս ճանապարհը, կարծում է նախարարը, բնակարաններ գնելու սերտիֆիկատների տրամադրումն է․ «Սա կլինի ավելի արագ, կարճ, պետք է նաև գնահատվի բնակֆոնդի վիճակը»:
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ բացի այդ, 2024-ի պետական բյուջեի առանձին տողերում ներառվելու են արցախցիների համար աջակցություն ծրագրեր իրականացնելու գումարներ: «Եթե լինեն առանձին ծրագրեր, որոնք դեռևս ձևավորված չեն լինի, ապա դրանց համար նախատեսված գումարները կդնենք պահուստային ֆոնդում: Տարվա ընթացքում, հենց որոշումները կայացվեն, դրանցից կտրամադրենք այդ գումարները»,- ասել է նա:
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացնում է միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև տրամադրվում է ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ ծախսերի համար: Այս ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և գործելու է առնվազն վեց ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից՝ Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ: