«Արցախի նախագահը հնարավորինս անկեղծ է եղել»․ Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստի մասին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նոյեմբերի 24-ի նիստին խոսել է նաև Արցախի լուծարման գործընթացի և Ասկերանի բենզալցակայանում պայթյունի հանհգամանքների մասին․ նոյեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Շահրամանյանը հնարավորինս անկեղծ է եղել՝ անդրադառնալով պատճառներին ու հետևանքներին։ Ըստ հանձնաժողովի ղեկավարի՝ Շահրամանյանից ստացել են նաև Արցախի լուծարման հետ կապված բոլոր հարցերը։

Քոչարյանը չակերտները չբացեց, բայց ասաց, որ քննարկումն արդյունավետ էր։ Նրա խոսքով՝ առաջիկայում այլ հանդիպումներ ևս տեղի կունենան, իսկ դեկտեմբերի 3-ին հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են։ Դրանից հետո խորհրդարանական մարմինը հանդես կգա զեկույցով, որի մի մասը կարող է բաց լինել։

Ըստ Քոչարյանի՝ նոյեմբերի 27-իմ հանձնաժողովում հարցաքննվելու ցանկություն է հայտնել Արցախի պաշտպանության բանակի զորամիավորման հրամանատարներից մեկը, նման ցանկություն ունի նաև Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, իսկ հանձնաժողովն ակնկալում է լսել նաև պատերազմի որոշ ժամանակահատվածում պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին․ «Ամսի 29-ի հրավիրյալը, կարծում եմ, բոլորին կհետաքրքրի»,- ամփոփեց Քոչարյանը։

Նա չբացառեց, որ իրենց զեկույցի հիման վրա կհարուցվեն նոր քրեական գործեր։

***

2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։

Մեկնաբանել