Բենիամին Պողոսյան, «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան
Գրեթե մեկուկես տարի է անցել էնեգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին Ադրբեջան–ԵՄ հուշագրի ստորագրումից: 2022-ի հուլիսին հուշագրի ստորագրումը ընկալվում էր որպես Ադրբեջան–ԵՄ հարաբերություններում նոր մեկնարկի սկիզբ: Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Եվրամիությունը հապճեպ գազի մատակարարման նոր աղբյուրներ էր փնտրում՝ փորձելով խուսափել էներգետիկ համակարգի կոլապսից:
Այս համատեքստում Ադրբեջանը դիտարկվում էր որպես հարցի լուծման հնարավոր տարբերակներից մեկը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020-ի դեկտեմբերի վերջին գործարկվել էր «Հարավային գազային միջանցքը», և TANAP և TAP գազամուղերով ադրբեջանական գազն արդեն մուտք էր գործում եվրոպական շուկաներ: 2022-ի հուշագիրը նախատեսում էր մինչև 2027 կրկնապատկել դեպի Եվրամիություն ադրբեջանական գազի մատակարարման ծավալները՝ այն հասցնելով տարեկան 20 մլրդ խմ-ի:
Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո մասնագիտական տարբեր շրջանակներ սկսեցին կասկածի տակ դնել դրա իրականացման հնարավորությունները: Դրա պատճառների թվում նշվում էին Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման անհնարինությունը, ինչպես նաև Ադրբեջանում գազի ներքին սպառման աճը: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Եվրամիությունում կար ընկալում, որ Ադրբեջանը կարող է որոշակի դեր ունենալ ռուսական գազից կախվածության նվազեցման գործում:
Իր հերթին, Ադրբեջանն այս հուշագիրն օգտագործեց Եվրամիությունում սեփական շահերի ինտենսիվ առաջմղման համար, այդ թվում՝ հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում: Թերևս պատահական չէ, որ հենց բանակցային բրյուսելյան ձևաչափում առաջին անգամ կողմերը համաձայնեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը 1991-ի խորհրդային վարչական սահմանների շրջանակում, ինչը նշանակում էր Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչում որպես Ադրբեջանի մաս: 2022-ի հոկտեմբերին, իսկ այնուհետև նաև 2023-ի մայիսին և հուլիսին այս պայմանավորվածությունների արձանագրումն Ադրբեջանն օգտագործեց որպես «լեգիտիմ հիմք» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և վերջինիս բոլոր պետական ինստիտուտների, ներառյալ պաշտպանության բանակի, լուծարումը պահանջելու համար: Ադրբեջանի դիրքորոշումը հստակ էր՝ եթե բոլորը, ներառյալ Հայաստանը, ճանաչում են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա նրանք պետք է նաև ընդունեն, որ Ադրբեջանում չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ երկու տարբեր պետություններ՝ Ադրբեջանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, և երկու տարբեր բանակներ՝ ադրբեջանական բանակ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ:
Ինչպիսին է Ադրբեջան–Եվրամիություն գազային համագործակցությունը հուշագրի ստորագրումից տասնվեց ամիս անց: 2023-ից դեպի Եվրամիություն առաքվող ադրբեջանական գազի ծավալները կկազմեն մոտավորապես 11,6 մլրդ խմ կամ ԵՄ-ի կողմից ներմուծվող գազի շուրջ 3 տոկոսը, որի զգալի մասը, շուրջ 9 մլրդ խմ, կստանա Իտալիան: Ադրբեջանը գազ է մատակարարում նաև ԵՄ անդամ մի շարք այլ պետությունների՝ Հունաստան, Բուլղարիա, Հունգարիա:
Սակայն մինչև 2027 ԵՄ արտահանվող գազի ծավալները 20 մլրդ խմ հասցնելու ճանապարհին առկա են զգալի խոչընդոտներ: Առաքման ծավալների մեծացման համար զգալի ներդրումներ են անհրաժեշտ «Հարավային գազային միջանցքի» բոլոր երեք գազամուղների թողունակությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ նոր կոմպրեսորային կայանների կառուցման միջոցով: Հավելյալ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ նաև Ադրբեջանում արդյունահանվող գազի ծավալների ավելացման համար: 2023-ի նոյեմբերի վերջի դրությամբ Ադրբեջանը դեռևս չի կնքել գազի մատակարարման երկարաժամկետ նոր պայմանագրեր, որը հիմք կլիներ գազի հանքավայրերն ու գազամուղները շահագործող ընկերությունների կողմից նոր ներդրումների համար:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը դեռ 2023-ի սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ նշված ընկերությունները չունեն հստակ երաշխիքներ, որ Եվրամիություն անդամ պետությունները պատրաստ են երկարաժամկետ պայմանագրեր կնքել Ադրբեջանի հետ գազի գնման վերաբերյալ, իսկ առանց այդ երաշխիքների ոչ մի ընկերություն հավելյալ միլիարդավոր դոլարների ներդրումներ չի կատարի:
Ստեղծված իրավիճակը մասամբ պայմանավորված է Եվրամիություն հեղուկացված բնական գազի մատակարարման ծավալների էական աճով, ինչը մեղմել է գազի պակասն այնտեղ: Միևնույն ժամանակ, եվրոպական պետությունները չեն ցանկանում հրաժարվել բնական գազին աստիճանաբար հրաժեշտ տալու և վերականգնվող էներգետիկան զարգացնելու ռազմավարությունից: Ստեղծված պայմաններում եվրոպական պետությունները հակված չեն գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել՝ հուսալով որ արդեն 2030-ին գազի սպառման ծավալներն էականորեն կնվազեն:
ԵՄ-ի համար կա կարճաժամկետ խնդիր՝ ապահովել հավելյալ գազի պաշարներ առաջիկա հինգ-վեց տարիների համար, իսկ խողովակաշարային գազի մատակարարման ծավալների երկարաժամկետ պայմանագրերն այդ խնդիրը չեն կարող լուծել: Միևնույն ժամանակ, առանց երկարաժամկետ պայմանագրերի առկայության, ադրբեջանական գազի հանքավայրերը և Ադրբեջանից Եվրոպա ձգվող գազամուղները շահագործող ընկերությունները չեն կարող միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարել արդյունահանվող գազի ծավալների և խողովակաշարերի թողունակության ավելացման ուղղությամբ:
Ստեղծված պայմաններում 2027-ից Ադրբեջանից Եվրամիություն 20 մլրդ խմ բնական գազ մատակարարելու ծրագրերն աստիճանաբար ավելի անիրատեսական են դառնում: Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին Ադրբեջանից Եվրամիություն մատակարվող գազի ծավալը կարող է կազմել տարեկան 12-13 մլրդ խմ, իսկ 2030-ից հետո այդ ծավալները կարող են նույնիսկ նվազել՝ հաշվի առնելով գազի սպառման ծավալների անկման միտումները: