Պետբյուջեի եկամուտներն աճել են 13,8 տոկոսով, ծախսերը՝ թերակատարվել

Yerevan's Republic square. Photo by Karen Harutyunyan.

Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն այս տարվա ինն ամիսներին աճել են 13,8 տոկոսով։ Այս մասին նոյեմբերի 27-ին ԱԺ-ում 2023-ի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանն ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

«Պետական բյուջեի եկամուտները ծրագրի նկատմամբ գերակատարվել են: Եկամուտները 2023-ի ինն ամիսների համար կազմել են 1,708 տրլն դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13,8 տոկոսով»,- նշեց նա։

Ըստ նրա՝ պետական բյուջեի հարկային եկամուտների աճը պայմանավորված հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, ինչպես նաև հարկային վարչարարության ջանքերով: 2023-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել է 9,7 տնտեսական ակտիվության աճ, որն էլ Սիրունյանի խոսքով՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ոլորտի աճով։

Նույն ժամանակահատվածում պետբյուջեի ծախսերը թեև նախորդ տարվա համեմատ աճել են 12,7 տոկոսով՝ կազմելով 1,633 տրլն դրամ, բայց թերակատարվել են։ Փոխնախարարը հայտնեց, որ բյուջեի կատարողականը կազմել է 84,6 տոկոս։

Բյուջեի հավելուրդը կազմել է 74,6 մլրդ դրամ՝ պլանավորված 248,4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Վահան Սիրունյանը նկատեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան:

«2023-ի ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, նպաստել է շուրջ 80,6 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- ասաց նա։

2023-ի ինն ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 48,4 տոկոսով, որին ամենամեծ նպաստումն ունեցել են Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկները՝ 29,1 տոկոսը: Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,839 մլն:

Մեկնաբանել