Մեկնարկել է բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 27-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

Քննական գործընթացը համակարգել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈւ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։

Զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրմամբ կառավարությունը նախատեսում է հավելավճար տրամադրել որակավորումը հաղթահարած ծառայողներին։ Սպայական կազմի հավելավճարի չափը «գերազանց»-ի դեպքում սահմանվել է 470 000 դրամ, «լավ»-ի դեպքում՝ 420 000 դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 000 դրամ, մյուս կազմերի դեպքում «գերազանց»՝ 395 000 դրամ, «լավ»՝ 345 000 դրամ, «բավարար»՝ 205 000 դրամ: Գործադիրը նախատեսում է նմանատիպ ատեստավորման համակարգ կիրառել նաև ոստիկանությունում, փրկարար ծառայությունում և ազգային անվտանգության ծառայությունում։

Մեկնաբանել