ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները՝ կանխելու ոչ խաղաղ ձևով Հայաստանով ճանապարհի ստեղծումը, նշում է Օ’Բրայենը

Միացյալ Նահանգները Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում։ Այդ մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Մեզ ոգեշնչում է, որ կողմերը խոսում են միմյանց հետ ուղղակիորեն և միջնորդների միջոցով: Այստեղ մենք տեսնում ենք ամբողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հասնել Թուրքիա, ապա դա էական խթան կլինի այդ առևտրային ճանապարհի վրա գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է Օ’Բրայենը։

Պետքարտուղարի օգնականը, միևնույն ժամանակ նշել է, որ եթե որոշում կայացվի «դա անել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը»։

«Մենք շատ պարզ ասել ենք կողմերին, թե ինչ ենք ակնկալում տեսնել, և այլ կերպ առաջ շարժվելու դեպքում ինչ հետևանքներ կլինեն: Այնպես որ, մենք անհամբեր սպասում ենք, թե ինչ կորոշեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրություն են հայտնել խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու հարցում, և մենք կցանկանայինք դա տեղի ունենա»,- ասել է նա։

Պետքարտուղարի օգնականը համարձակ է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման հարցերում։ Նա նկատել է, որ Փաշինյանը չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտում էին դա անել։

«Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ նրանք ձգտում են շարունակել պահպանել տնտեսական աճը, որն ունեցել են վերջին տարիների ընթացքում: Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա։ Մենք շատ կցանկանայինք սա տեսնել»,- նշել է Օ’Բրայենը։

Մեկնաբանել