Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա․ Գնել Սանոսյան

Լարսի անցակետում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա, նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Խնդիր կա, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել է Սանոսյանը։

Հարցին, թե խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի՞, նախարարը պատասխանել է․ «Սահմանի վրա [Ռուսաստանի] տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նոյեմբերի 27-ի դրությամբ շուրջ 1 500 հայկական բեռնատար է կանգնած Լարսի անցակետի մոտ։

***

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։ Հարությունյանի հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքին քաղաքական պատճառներով։

«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- գրել է Հարությունյանը։

Վերջին շրջանում լարվել են հայ-ռուսական հարաբերությունները։ Հայկական պատվիրակությունները չեն մասնակցում ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերին, ինչպես նաև հրաժարվում են ռուսական միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցություններից։

Մեկնաբանել