Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Շուրջ 5 տարի է՝ կառավարությանը չի հաջողվում իրագործել դատական համակարգում խոստացված բարեփոխումները. անկատար են մնում նաև դատավորների վեթինգի կամ բարեվարքության ստուգման համակարգի ներդրման վերաբերյալ խոստումները։
2023-ի հուլիսին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը մանրամասն անդրադարձել էր Հայաստանի դատական համակարգի բարեփոխման խնդիրներին։ #CivilNetCheck-ի հետ զրույցում արդարադատության նախարարության ներկայացուցիչը վստահեցրել էր, որ մշակվում է դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության պարբերական ստուգման նախագիծ, որը 2023-ի «ամռան ավարտին» Ազգային ժողով կներկայացվի հաստատման։
Համաձայն նախագծի՝ Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է դատական համակարգում գործող պաշտոնյաների բարեվարքության ստուգումը իրականացնի, որը ենթադրում է պաշտոնյայի գույքային դրության, մասնագիտական գիտելիքների, նախկինում քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու, ինչպես նաև շահերի բախման, անհամատեղելիության վերաբերյալ ուսումնասիրություն։
(ԱՆ)բարեվարք դատավորներ, ձգձգվող գործեր, չբարեփոխված դատարաններ
#CivilNetCheck-ը փորձեց հասկանալ, թե ուր է հասել նախագիծը և ինչու խոստացվածի պես չի ներկայացվել խորհրդարան։
Հեղափոխական բարեփոխումների խոստման տրանսֆորմացիան
Դատարաններում «վիրահատական միջամտությունների», վեթինգի և անցումային արդարադատության իրականացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2019-ի մայիսի 20-ի իր հայտնի ելույթում։
Երեք տարում այս կոշտ հայտարարությունները փոխարինվեցին դատավորների բարեվարքության ստուգման համակարգի ներդրման խոստումներով։
2022-ի հուլիսին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կստուգվի ոչ միայն դատական համակարգ նոր մուտք գործող անձանց, այլև գործող դատավորների և դատախազների բարեվարքությունը (նաև քննիչների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների)։ Այդ ժամանակ արդարադատության նախարար, ներկայում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հայտեց, որ նախարարությունը «առաջիկա ամիսներին» կնախաձեռնի, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի։
Վերջապես 2023-ի մայիսին արդարադատության նախարարությունը ներկայացրեց դատավորների բարեվարքության պարբերական ստուգման նախագիծը։
«Առաջիկա ամիսները»՝ մեկուկես տարի. նախագիծը դեռ քննարկվում է
Ինչպես նշեցինք վերևում, արդարադատության նախարարությունից #CivilNetCheck-ին հավաստիացրել էին, որ 2023-ի սեպտեմբերին նախագիծը կներկայացվի խորհրդարան։
Շուտով 2023-ը կավարտվի, սակայն պարզվում է՝ արդարադատության նախարարությունը նախագիծը խորհրդարան չի ներկայացրել, և այն դեռ միջգերատեսչական քննարկումների փուլում է։ Այս մասին պարզ է դառնում արդարադատության նախարարությունից ստացված պատասխանից։
#CivilNetCheck-ը նախարարությանը խնդրել էր հայտնել, թե ինչ փուլում է գործող դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության պարբերական ստուգման նախագիծը և ինչու այն դեռ չի ուղարկվել Ազգային ժողով։
Նախարարությունը տեղեկացրեց, որ այս ընթացքում նախագծի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ, հանդիպումներ, հաշվի են առնվել քաղհասարակության առաջարկությունները, իրականացվել է անձնական տվյալների պաշտպանության հետազոտություն և այլն։ Որպես ամփոփում գերատեսչությունից նշել են, որ «ներկայում ընթանում են միջգերատեսչական քննարկումներ»՝ առանց վերջնաժամկետներ նշելու։
Ըստ էության, նախարարությունը այդպես էլ չի պարզաբանել, թե ինչու նախագիծը նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ «ամռան վերջին» չի ուղարկվել Ազգային ժողով, ինչպես նաև չի հստակեցնում, թե երբ է պլանավորվում այն իրականացնել։