Հայաստանի և Հարավային Կորեայի ղեկավարները դեսպանատներ բացելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ, հայտնում են վարչապետի գրասենյակից։

«Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։ Հայաստանի վարչապետը և Կորեայի նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել»,- ասված է հաղորդագրությունում։

Հարավային Կորեայում դեսպանություն բացելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ «Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում և փոխադարձաբար դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի»,- նոյեմբերի 3-ին ԱԺ-ում ասել էր Միրզոյանը։

Մեկնաբանել