Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին:

«Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա, բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,- նոյեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։

Անդրադառնալով Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդրին, ԱԺ նախագահը հորդորեց է չշտապել և բեռնատարների անցման հետ կապված խոչընդոտներին քաղաքական ենթատեքստ չտալ։

«Իմ ունեցած տեղեկություններով` այդ սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ։ Չեմ բացառում, որ Վերին Լարսի անցակետում իրավիճակը կարող է կապված լինել քաղաքական դրդապատճառի հետ, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

***

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նոյեմբերի 27-ի դրությամբ շուրջ 1 500 հայկական բեռնատար է կանգնած Լարսի անցակետի մոտ։

Այսօր ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ Լարսի անցակետում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա․ «Կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել էր Սանոսյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։ Հարությունյանի հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքին քաղաքական պատճառներով։

Վերջին շրջանում լարվել են հայ-ռուսական հարաբերությունները։ Հայկական պատվիրակությունները չեն մասնակցում ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերին, ինչպես նաև հրաժարվում են ռուսական միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցություններից։

Մեկնաբանել