Թույն, հաբեր կամ կողմնակալ տեսակետներ. ի՞նչ է թաքնված Կադիրովի առողջության շուրջ ասեկոսեների հետևում

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

2023-ի մեծ մասի ընթացքում ասեկոսեներ էին շրջանառվում, թե Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ծանր հիվանդ է և որպես ապացույց մատնանշվում էին նրա արտաքին տեսքը, գործողություններն ու բացակայությունները տարբեր միջոցառումներից, ինչպես նաև Պուտինի քաղաքական մեքենայությունները: Սակայն որոշ դիտորդներ կասկածներ ունեն, որ թե՛ Կադիրովի հերքումները, թե՛ բուն ասեկոսեները լիովին համապատասխանում են իրականությանը։

2023-ի մարտին Չեչնիայի քաղաքականությանը հետևող որոշ դիտորդներ սկսեցին կասկածել, որ պատմությունը կրկնվում է։

Վլադիմիր Պուտինը Ռամզան Կադիրովի ավագ որդուն՝ 17-ամյա Ախմաթին, անսպասելիորեն հրավիրել էր Մոսկվա՝ իր հետ հանդիպելու։ Անսովոր կերպով Ռամզանն ինքը ներկա չէր հանդիպմանը, ինչն էլ ավելի էր ուժեղացնում կասկածները՝ հաշվի առնելով համառորեն շրջանառվող ասեկոսեներն այն մասին, որ Չեչնիայի ղեկավարի առողջական վիճակն արագորեն վատանում է:

Գրեթե քսան տարի առաջ՝ 2004-ին, Պուտինը հանդիպել էր Ռամզանի հետ՝ նրա հոր՝ Ռուսաստանի Չեչենական Հանրապետության առաջին նախագահ Ախմաթ-Խաջի Կադիրովի սպանությունից հետո։ Հանդիպումը դարձավ Ռամզան Կադիրովի քաղաքական վերելքի սկիզբը, որը հիմնականում բնութագրվում էր Ռուսաստանի նախագահին նրա անվերապահ հավատարմությամբ։

Ախմաթի՝ Մոսկվա մեկնելուց ամիսներ առաջ և դրանից հետո Ռամզան Կադիրովը կարծես թե ֆիզիկապես վատ վիճակում է եղել: Չնայած նրա հաճախակի պնդումներին, թե գերազանց առողջություն ունի, նրա դեմքը կարծես ուռած է, աչքերը երբեմն հազիվ են բացվում։ Ծանր շնչառությունը, որը, կարծես, երբեմն նրան խանգարում է խոսել տեսախցիկի առաջ, և ձեռքերի վրայի հետքերը, որոնք շատերի ենթադրությամբ կաթիլային ներարկումների հետքեր են, միայն նպաստել են նրա առողջության մասին խոսակցությունների էլ ավելի ուժեղ տարածմանը:

Տեսությունները տարբեր են, լրատվամիջոցներն ու մեկնաբանները տարբեր պնդումներ են անում, որ Կադիրովը երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ ունի կամ նույնիսկ արդեն կոմայի մեջ է և գտնվում է Կրեմլում:

Այս շահարկումներին զուգընթաց մի շարք ավելի լայն հարցեր են ծագում․ արդյոք Կրեմլը ցանկանո՞ւմ է իշխանությունը փոխանցել Ախմաթ Կադիրովին, ինչպիսի՞ն կլինի Կադիրովին հաջորդող ժամանակաշրջանի Չեչնիան, և եթե պարզվի, որ այդ պնդումները բացարձակապես անհիմն են, ապա ինչո՞ւ և՛ Կրեմլը, և՛ Չեչնիան թույլ տվեցին, որպեսզի դրանք այդ կերպ տարածվեն։

Ի՞նչ է կատարվում Ռամզան Կադիրովի հետ

Կադիրովի հիվանդության վերաբերյալ տարբեր տեսությունները մեկ ընդհանուր բան ունեն. ինչ հիվանդություն էլ նա ունենա, այն կապված է նրա երիկամների հետ:

Գերմանական Bild տաբլոիդը մարտին գրել էր, որ Աբու Դաբիի Բուրջելի հիվանդանոցի նեֆրոլոգիական բաժանմունքի ղեկավար, դոկտոր Յասին Իբրահիմ Մ. Էլ-Շահաթը, ինչպես հաղորդվում է, այցելել է Չեչնիա: Bild-ը պնդում էր, որ նեֆրոլոգին Չեչնիա են տարել, քանի որ Կադիրովը «չի վստահում մոսկովյան բժիշկներին»։

Քաղաքական և անվտանգության հարցերով վերլուծաբան Հարոլդ Չեմբերսը, որը հիմնականում զբաղվում է Հյուսիսային Կովկասի հարցերով, վստահ է, որ չնայած վերջին իրադարձություններին, երկու բան ակնհայտ է՝ Կադիրովը կոմայի մեջ չէ և չի մահացել։ Չեմբերսը հավելում է, սակայն, որ Կադիրովը, ըստ երևույթին, վատառողջ է:

«Կարծում եմ, որ ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, քանի որ Ռամզանի առողջական վիճակը վատացել է բոլորիս աչքի առաջ՝ Telegram-ում»,- ասում է Չեմբերսը:


Ռամզան Կադիրովը տեսանյութերում հերքում է, որ վատառողջ է։ Ձախի լուսանկարն արվել է սեպտեմբերի 17-ին, աջինը՝ օգոստոսի 31-ին: Էկրանակադրեր Ռամզան Կադիրովի Telegram-ի տեսանյութերից։

Նա նշում է, որ թեև հավանական է թվում, որ խնդիրը, ըստ էության, վերաբերում է Կադիրովի երիկամներին, պատճառի վերաբերյալ որևէ հիմնավոր ապացույց չկա, այլ միայն «պնդումներ և պատմություններ»:

Իչկերիայի Չեչենական Հանրապետության աքսորյալ առաջնորդ Ահմեդ Զաքաևը Ուկրաինայի Channel 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում պնդել է, որ Կադիրովը Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել է «երիկամների հետ կապված խնդիրները» բուժելու համար։

«Մեր տեղեկություններով՝ ԱՄԷ-ում նրան երիկամի փոխպատվաստում են արել, սակայն այն նորմալ չի գործում։ Հետևաբար, նա առողջական ծանր բարդություններ է ունեցել»,- ասել է Զաքաևը։

Կադիրովի հիվանդության վերաբերյալ առկա ապացույցները սահմանափակ են, բոլոր տեսությունները հիմնված են Չեչնիայի ղեկավարի լուսանկարների և տեսանյութերի վրա:

Թբիլիսիի Ամերիկյան հիվանդանոցից նեֆրոլոգ Իրակլի Մուխաշավրիան ընդգծում է, որ թեև Կադիրովը կարող էր երիկամների խնդիր ունենալ, սակայն միայն լուսանկարների հիման վրա հնարավոր չէր որևէ լուրջ ախտորոշում կատարել:

Սակայն դա չի խանգարել դիտորդներին ենթադրություններ անել՝ հիմնականում պնդելով, որ Կադիրովը կա՛մ բախվում է երկարատև թմրամոլության, կա՛մ թունավորման հետևանքներին:

«Նա կախվածություն է ձեռք բերել այս հաբերից»

Մինչ Telegram-ի չեչենական ալիքները տարածում էին տեսանյութեր և շահարկումներ Կադիրովի արտաքին տեսքի անբացատրելի փոփոխությունների մասին, Ախմեդ Զաքաևն ամենաշատն է այդ ասեկոսեների մասին խոսել հրապարակավ, նա հատկապես հաճախ այս թեմաներով խոսել է ուկրաինական լրատվամիջոցների հետ:

Նա պնդում է, որ Կադիրովն ավելի քան 15 տարի թմրանյութեր է օգտագործել, որոնց պատճառով գտնվում է ծայրահեղ վատառողջ վիճակում։ Զաքաևը նաև պնդում է, որ ինչպես անանուն աղբյուրները, այնպես էլ Կադիրովի վարքագիծը հաստատում են այս տեսությունը։

«Մեր առողջապահության նախարարությունն ինձ բացատրեց, թե ինչ է նրա հետ կատարվում: Եվ հիմա նա կախվածություն է ձեռք բերել այդ հաբերից կամ թմրանյութերից, ես չգիտեմ, թե [կոնկրետ] ինչից»,- փետրվարին ուկրաինական UNIAN լրատվական գործակալությանն ասել է Զաքաևը:

Զաքաևը պնդում է, որ Կադիրովին ԱՄԷ երիկամների բուժման համար ուղարկել են այն բանից հետո, երբ իր թիկնազորից ատրճանակ էր վերցրել և թունավորված վիճակում վազում էր իր տան շուրջը։

Ուկրաինայի հետախուզական ծառայության ղեկավար Կիրիլո Բուդանովն ասել է, որ ինքը ևս միտված է հավատալու այդ տեսությանը։

«Նա խնդիրներ ունի թմրամիջոցներ չափազանց շատ օգտագործելու հետևանքով։ Դրանք նա ստիպված է եղել օգտագործել որպես դոպինգ, իսկ հետո որպես ցավազրկող։ Եվ հետո խնդիր առաջացավ»,- ISLND հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի հետախուզության ղեկավարը։

Հարոլդ Չեմբերսը նշում է, որ թեև Կադիրովի հետ կապված իրեն «ոչինչ չի զարմացնի», սակայն բավարար ապացույցներ չկան հիմնավոր կերպով պաշտպանելու տեսությունը, որ Կադիրովի հիվանդությունը կապված է թմրամոլության հետ:

«Թմրամիջոցների հետ կապված հարցերը մութ ու անհասկանալի են, և քիչ դեպքեր են եղել, երբ պնդումները ստացվել են բազմաթիվ անկախ դերակատարներից»,- ասում է Չեմբերսը:

«Ռուսաստանն է թունավորել»

Ուկրաինական լրատվամիջոցներում հաճախ հնչում է այլընտրանքային տեսություն, ըստ որի՝ Կադիրովին ռուսական գաղտնի ծառայություններն են թունավորել։

Այս տեսության կողմնակիցներից է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։

«Այն, որ Կադիրովի նկատմամբ որս էր հայտարարված, և հայտարարել էին ռուսները, դա Կրեմլում գոյություն ունեցող խմբավորումների միջև հայտնի պայքար է,- սեպտեմբերին ասել էր Դանիլովը,- Հաշվի առնելով այն ազդեցությունը, որ նա ուներ և շարունակում է ունենալ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների վրա, նա հայտնվեց նման իրավիճակում»։

Դանիլովն այնքան հեռուն է գնացել, որ ենթադրել է, թե Կադիրովը կարող է իրականում կոմայի մեջ լինել՝ նշելով, որ նոր հրապարակված տեսանյութերը կարող են «շատ հին» լինել։

Խորհրդային Միության պետական ​​անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախկին գործակալ Սերգեյ Ժիրնովը նույնպես ուկրաինական UNIAN-ին ասել է, որ Կադիրովի վատառողջությունը կարող է կապված լինել ՊԱԿ-ի իրավահաջորդ կազմակերպություններից մեկի՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կողմից թունավորման հետ, սակայն ավելի զգույշ է եղել իր պնդումներում:

Նա հայտարարել է, թե կարծում է, որ ԱԴԾ-ն կարող էր թունավորել Կադիրովին «վախեցնելու» կամ նրա համար «խնդիրներ ստեղծելու» նպատակով, որպեսզի Կադիրովն իր ուշադրությունը կենտրոնացնի դրա վրա, «և ժամանակ չունենա հեղաշրջման համար»։

Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ Պուտինը, հավանաբար, շահագրգռված չէ սպանել Կադիրովին, քանի որ Չեչնիայի ղեկավարը «կատարում է պայմանագիր. դու Չեչնիան վերահսկողության տակ ես պահում, սակայն այնտեղ կարող ես անել բացարձակապես այն ամենը, ինչ կցանկանաս»: Փոխարենը, նա պնդել է, որ Կադիրովին, հավանաբար, «թեթևակի թունավորել են» երիկամների հետ կապված խնդիրներ ստեղծելու համար՝ առաջացնելով կանոնավոր հեմոդիալիզի անհրաժեշտություն և այդպիսով կանխելով Պուտինին մարտահրավեր նետելու նրա փորձերը:

Ժիրնովը, սակայն, նաև հավելել է, թե չի բացառում, որ Կադիրովը կարող է թմրանյութերի նկատմամբ կախվածություն ձեռք բերած լինել։

Չեչենական սփյուռքի «Միացյալ ուժը Եվրոպայում» խմբի ղեկավար Ջամբուլատ Սուլեյմանովը, նույնկերպ ենթադրում է, որ Կադիրովին կարող էին թունավորած լինել, սակայն նա պնդում էր, թե ավելի հավանական է, որ դա արած լինեն Պուտինին թուլացնել ձգտող մարդիկ, Պուտինի ուժերը։

«Կուլիսային ներքաղաքական պատերազմ է ընթանում։ Այս սխեմայի մեջ [Կադիրովը] Պուտինի ամենաթույլ կետն է, թույլ օղակը, [այդ պատճառով էլ], հավանաբար, ցանկանում էին վերացնել նրան։ Պուտինին զրկել իր ամենահավատարիմ զինվորից, ինչպես ինքն է [Կադիրովը] ասում»,- ասել է Սուլեյմանովը։

Տեսությունը, որ Կադիրովը կարող է ունենալ թմրամիջոցների չարաշահման խնդիր, հիմնականում տարածվում է նրանց կողմից, ովքեր շահագրգռված են, որ Կադիրովը վատառողջ լինի, ասում է Threatologist հետազոտական խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Մարկ Յանգմանը՝ հավելելով, որ ինքն ամբողջ հարցը համարում է ասեկոսեներ և ոչ ավելին:

«Ասեկոսեների աղբյուրները […] ամբողջովին անաչառ չեն՝ չեչենական ընդդիմության ալիքները սոցիալական ցանցերում, Զաքաևը և ուկրաինական հետախուզությունը,- ասել է Յանգմանը,-Նրանք բոլորն էլ, անկասկած, կողջունեն Կադիրովի վախճանը»։

Նա հավելել է, որ թեև տեսությունները կարող էին ճիշտ լինել, սակայն իրենց պնդումները հաստատելու համար մինչ այժմ ներկայացված ապացույցները «լավագույն դեպքում անուղղակի» են եղել:

Յանգմանն ասել է, որ ո՛չ Չեչնիայից Մոսկվա թռիչքները, ո՛չ ռուսական հիվանդանոցների մոտ կայանված չեչենական պետհամարանիշներով ավտոմեքենաները, ո՛չ էլ ուռած երեսով Կադիրովի լուսանկարները հիվանդության հավաստի ցուցիչ չեն:

«Այս ամենը կարող է լուրջ խնդիրների ցուցիչ լինել, սակայն հավասարապես կարող է և չլինել,- ասել է Յանգմանը,- Կադիրովը որոշ ժամանակ սարսափելի տեսք ուներ և շատ ակտիվ էր քաղաքական ասպարեզում»:

Կադիրովի խիստ հերքումները

Երբ Կադիրովի հիվանդության մասին ասեկոսեներն սկսեցին տարածվել, Չեչնիայի ղեկավարը կրկնապատկեց իր քաղաքական գործունեությունը։

Պուտինի հետ Ախմաթ Կադիրովի հանդիպումից անմիջապես հետո Ռամզան Կադիրովն այցելել էր Կրեմլ և հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Նա նաև գրառում էր հրապարակել իր Telegram ալիքում, որում արձագանքել էր տարածված ասեկոսեներին։

«Նրանց համար, ովքեր իրենց մխիթարում են այն հույսով, որ ես անբուժելի հիվանդ եմ, ցավում եմ, որ պետք է վշտացնեմ ձեզ,- մարտի 15-ին հայտարարել էր նա,- Ես առողջ եմ և ուժով լի։ Ինչպես նախկինում, զբաղվում եմ սպորտով, գնում եմ լեռներ, գնում եմ արշավների և լուծում եմ հանրապետության զարգացման կարևոր հարցերը»։

«Ինձ թվում է, որ այս ֆանտազիաների հեղինակները բժշկի կարիք ունեն,- հավելել էր Կադիրովը,- Ձեր ուղեղում ինչ-որ բան այն չէ, տղանե՛ր, դիմե՛ք մասնագետի»:

Կադիրովը նմանատիպ գրառումներ է արել հաջորդ շաբաթների և ամիսների ընթացքում։ Չնայած իր արտաքին տեսքի փոփոխություններին՝ նա հաստատում էր, որ գերազանց առողջություն ունի՝ երբեմն զբոսնելիս, երբեմն սպորտային հագուստով, երբեմն էլ քաղաքական հանդիպումների ժամանակ։

Մարկ Յանգմանը նշում է, որ միայն Կադիրովի մասին չէ, որ նման խոսակցություններ են պտտվում, այլ քաղաքական առաջնորդներ ևս բախվում են նմանատիպ շահարկումների:

«Կադիրովը, ի վերջո, մահկանացու է։ Նա վաղուց արդեն հիանալի մարզավիճակում չէ, ուստի հեշտ է գալ եզրակացության, թե նրա մահը մոտ է»,- ասել է Յանգմանը:

«Սակայն, ֆիզիկական տեսքը հազիվ թե բռնապետի երկարակեցության հուսալի ցուցիչ լինի։ Ի վերջո, առնվազն մեկ տասնամյակ Պուտինի մասին խոսակցություններ են պտտվում, թե նա մահանում է քաղցկեղից և այլ հիվանդություններից, և, եթե մի փոքր հեռու նայենք, ապա երկար ժամանակ է, ինչ Էրդողանի մեկ ոտքը ևս գերեզմանում է: Երկուսն էլ կարծես լիովին ողջերի աշխարհում են ապրում»,- ասել է Յանգմանը:

Յանգմանը կարծում է, որ առանց հիմնավոր ապացույցների, Կադիրովի առողջական վիճակի մասին խոսելը «բավականին ենթադրական» բնույթ է կրում:

«Մենք կարող էինք քննարկել, թե ով կմասնակցի նրա հուղարկավորությանը մեկ շաբաթից, սակայն նույնքան հավանական է, որ մենք դեռ կարող ենք մտածել, թե ինչպիսին կլինի հետկադիրովյան Չեչնիան մեկ տարի անց»,- ասել է Յանգմանը:

Չեչնիան առանց Ռամզանի

Կադիրովի առողջության մասին խոսակցությունները, այնուամենայնիվ, շատերին առիթ են տվել մտածելու, թե ինչ կարող է տեղի ունենալ Չեչնիայում, երբ Կադիրովն այլևս տեսադաշտում չլինի։ Հարցը հաճախ առնչվում է ինչպես տարիների բռնաճնշումներից հետո ժողովրդական հնարավոր արձագանքին, այնպես էլ Պուտինի «հավատարիմ զինվորին» կորցնելուն Կրեմլի արձագանքին:

Յանգմանը կարծում է, որ կա երկու հիմնական գործոն, մասնավորապես՝ կապված Կադիրովների դինաստիայի շարունակվելու հեռանկարի հետ:

«Առաջին՝ տարբերություն կա երբ բռնապետն է ցանկանում, որ ինչ-որ մեկն իրեն հաջորդի, և նրանում, որ ծրագրված իրավահաջորդությունը տեղի է ունենում առանց որևէ դժվարության: Կադիրովը, ըստ երևույթին, փորձում է իր որդիներին դիրքավորել այդ դերի համար, սակայն դա չի նշանակում, որ մյուսները կհամաձայնեն իշխանության այդպիսի փոխանցմանը, եթե Կադիրովն այլևս ասպարեզում չլինի»,- ասում է նա:

Յանգմանը նաև նշում է, որ այդ դերի համար մրցակցության լինել-չլինելը էական գործոն կլինի այն հարցում, թե ինչպիսի բնույթ կունենա այդ անցումը։

«Կադիրովը որքան մարդ է, նույնքան էլ համակարգ է։ Եթե նրան փոխարիներ մեկ ուրիշը, օրինակ՝ Ախմաթ Կադիրովը, Ադամ Դելիմխանովը կամ Մագոմեդ Դաուդովը, ապա համակարգը կարող էր գոյատևել առանց դժվարությունների, եթե նրանց գերակայությունն արագ հաստատվեր»,- ասում է Յանգմանը:

«Օրինակ, եթե այդ երեքից մեկը հավակներ իշխանության, իսկ մյուս երկուսը (և Կրեմլը, որը ոչ պակաս կարևոր է) արագ ցույց տային, որ համաձայն են դրան, ապա կարճաժամկետ փոփոխությունը կարող էր աննշան լինել,- բացատրում է Յանգմանը,- Այնուամենայնիվ, եթե լինի իրավիճակ, երբ կա մեկից ավելի հավանական հավակնորդ և անորոշություն լինի Կրեմլի նախապատվության վերաբերյալ, ապա հնարավոր է, որ դրան զգալի անկայունություն և բռնություն հաջորդի»:

Չեմբերսը, սակայն, նշում է, որ վերջնական որոշումը Կրեմլն է կայացնում, թե ով պետք է հաջորդի Քադիրովին և ինչ պետք է լինի նրանից հետո։

«Պուտինը Չեչնիան չափազանց կարևոր է համարում, որպեսզի թույլ տա, որ կառավարությունում անկայունություն լինի, և նա ունի գործող ղեկավարների իր ընտրությունը՝ ավելի չեզոք բյուրոկրատ, ինչպիսին Մուսլիմ Խուչիևն է կամ փաստացի իշխանություն, ինչպիսին Ադամ Դելիմխանովն է կամ Մագոմեդ Դաուդովը, թեև նրանցից յուրաքանչյուրը տարբեր երկընտրանքներ կներկայացնի,- ասում է Չեմբերսը,- Սա ոչ պոպուլյար կարծիք կլինի, սակայն իրականում կարևոր չէ՝ Ռամզանը պառկած է ծանր վիճակում, թե կոմայի մեջ է»:

Այնուամենայնիվ, Չեմբերսը նշում է, որ անորոշության ավելի մեծ հավանականություն կա Կադիրովի իշխանության դեմ հանդես եկող չեչենների հարցում, և որևէ կերպ հնարավոր չէ իմանալ, թե արդյոք և ինչպես չեչեն ընդդիմադիր գործիչները և Չեչնիայի անկախության կողմնակիցները կարող են օգտվել առիթից և անցնել գործողությունների։

«Անհասկանալի է մնում, թե ինչպես կարող են տուն վերադառնալ չեչենները, որոնք կռվում են Ուկրաինայի համար, կամ ցանկացած այլ մարդիկ, որոնք ցանկանում են պայքարել Չեչնիայի անկախության համար,- ասում է Չեմբերսը,- Երկրի ներսում կազմակերպված դիմադրության համար դեռ մի շարք զգալի խոչընդոտներ կան: «Իչկերիայի որդիներ»-ը երբեք չհայտնվեցին իրենց նախնական հայտարարությունից հետո»:

«Եթե Կադիրովը մահանա կամ երբ մահանա, Չեչնիայի հարաբերությունները Մոսկվայի հետ, անկասկած, կփոխվեն, սակայն ներկայիս պայմաններում՝ ոչ շատ»,- ասել է Չեմբերսը:

Սակայն Չեմբերսը կարծում է, որ այդ լուրերը, ինչպես նաև Չեչնիայի ղեկավարի հետ կապված մամուլի ցանկացած հրապարակում, ի վերջո Կադիրովի օգտին են:

«Նման խոսակցություններով նա կարող է նաև կրակի վրա յուղ լցնել՝ պարզապես չհայտնվելով հանրությանը, ինչը պարզապես ավելի մեծ ուշադրություն է գրավում։ Այնուհետև այս ամենի վերջում նա բացահայտում է իրեն, ասում, որ լավ է և սկսում մեղադրել նրանց, ովքեր տարածում էին այդ ասեկոսեները: Տրոլինգը նրա համար հոբբի է, և դա գրեթե միշտ աշխատում է»։

Մեկնաբանել