Լարսով հարյուր հազարավոր հայերի բարեկեցությունն է անցնում

Արշալույս Մղդեսյան

Հայաստանի իշխանություններն արդեն ընդունում են` Վերին Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիրներ կան, ինչը, դատելով ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից և Ռուսաստանից եկող ազդակներից, քաղաքական պատճառներ ունի:

Այն, որ հայկական բեռների նկատմամբ հսկողությունը ուժեղացվել է հայ-ռուսական հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, և գործին կցվել է ՌԴ կառավարության՝ քաղաքական նպատակահարմարություններով այս կամ այն մթերքի մեջ խախտումներ հայտնաբերող պատժիչ գործիքը` «Ռոսսելխոզնադզորը», թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանն անցել է հակազդող գործողությունների:

Մեծ հաշվով՝ սա «քաղաքական անհնազանդության» համար Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոց է, որի մասին երկու կողմն էլ գիտի, բայց ուղիղ չի ասում: Պատճառը պարզ է՝ դա դեմ է միասնական մաքսային և տնտեսական տարածքի ստեղծման տրամաբանությանը, որի նպատակներից մեկը «դրսից» ներթափանցող մարտահրավերներին դիմակայելն ու սպառնալիքներից պաշտպանվելն է:

Սրան նախորդել էր ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հերթական դեմարշը, երբ օրեր առաջ Մինսկում անցկացված կազմակերպության տարեվերջյան նիստերին միաժամանակ չմասնակցեցին ՀՀ վարչապետը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Չեն փակել, սահմանափակել են

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, թե «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի […], և «կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ»: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելը, ըստ Հարությունյանի, «անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է»:

Դատելով արտահանողների բողոքներից՝ սահմանափակումներն առայժմ վերաբերում են կենդանական ու բուսական ծագման ապրանքներին, որոնք պետք է անցնեն ֆիտոսանիտարական ստուգում: Այլ կերպ ասած՝ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը նշանակում է միասնական շուկա և միասնական տնտեսական տարածք, Ռուսաստանը չի կարող Լարսը «չորով փակել» հայկական բեռների համար:

Սահմանափակումները կիրառվում են «օրենքի շրջանակում»․ բյուրոկրատական քաշքշուկներով լաբորատոր ստուգումներից հետո հայտարարվում է, թե բեռը չի համապատասխանում ֆիտոսանիտարական չափանիշներին:

Ռուսական շուկան փոխարինել գրեթե անհնար է

Ռուսաստանը հայկական ապրանքների սպառման ամենամեծ շուկան է, որը փոխարինելը գրեթե անհնար է: Ավելին` վերջին երկու տարում, երբ հայ գործարարները սկսեցին փող աշխատել ուկրաինական ճգնաժամի հետևանքով ծաղկող վերաարտահանման հաշվին, Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից կտրուկ մեծացել է:

Հայաստանի արտահանման 52 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային։ 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Ռուսաստան արտահանումն աճել 185 տոկոսով կամ 1,2 մլրդ դոլարով: Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 35 տոկոսը: Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2022-ին հատել է 5 մլրդ դոլարը: Սպասվում է, որ այդ ցուցանիշն այս տարի ավելին է լինելու՝ հավասարազոր ՀՆԱ-ի 1/4-ին։

Եթե անգամ Հայաստանում և Սփյուռքում բոլորը միաժամանակ սկսեն սպառել հայկականը (ինչը գործնականում անհնար է), միևնույն է՝ դա չի կարող փոխարինել ռուսական շուկան։ Սա այնքան պարզունակ ճշմարտություն է, որ անգամ ստուգել պետք չէ: Իսկ եթե համարձակ կասկածողներ կան, թող հարցնեն որևէ արտահանողի. նա կբացատրի, եթե Լարսում հայկական մթերքի հետ կապված վերջին իրադարձությունների ֆոնին կարողանա նորմալ բառամթերք օգտագործել։

Սովորել վրացիներից

Շուկաների բազմազանեցումը տևական գործընթաց է, որի հաջողությունն ամենևին էլ երաշխավորված չէ։

2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանը փորձեց հատկապես գինու համար նոր շուկաներ գտնել։ Առանձնապես մեծ հաջողություն չունեցավ։ Հենց Ռուսաստանը վերացրեց վրացական գինիների նկատմամբ արգելքը, միանգամից կրկին դարձավ ամենամեծ շուկան։ Ավանդական շուկա, որտեղ ծանոթ են ապրանքին, ինչը ենթադրում է գովազդի և մարկետինգի նվազ ծախսեր։

Երկրորդ տեղում, չնայած Թբիլիսիի և Բրյուսելի սերտ համագործակցությանը, ոչ թե Եվրամիությունն է, այլ Չինաստանը։ Վրաստանի կառավարությունը, մեծամասամբ նաև տնտեսական նպատակահարմարություններով, չմիացավ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին:

***

Շուկաների բազմազանեցումը պետք է լուռ անել, ոչ թե եղած շուկաներում խնդիրներ ստեղծելով։

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի «էրոզիայի» ժամանակահատվածը հայաստանյան շատ արտադրողների համար կարող է ճակատագրական լինել: Հայաստանում տասնյակ հազարավոր տնային տնտեսություններ ու բիզնեսներ ուղղակիորեն կախված են Լարսի անցակետից։

Հ.Գ. Լարսում խափանումները Հայաստանի տնեսության վրա ազդող գործոններից միայն մեկն է: Պատկերն ամբողջական կդառնա, եթե դրան գումարենք Ռուսաստանից Հայաստան հոսող և տարեկան մի քանի միլիարդի հասնող մասնավոր դրամական փոխանցումները, հայկական տնտեսությունում ռուսական ներդրումները, հացահատիկի, «քաղաքական գնով» գազի և Մեծամորի ԱԷԿ-ի համար ուրանի մատակարարումները: Եվ ոչ միայն։

Մեկնաբանել