Վրաստանում անտառային որսատեղի նախագիծը հետ է կանչվել բնապահպանների բողոքից հետո 

«Փրկենք Ռիոնի հովիտը» շարժման անդամները՝ «Ռաչան չի վաճառվում» գրությամբ պաստառ են պարզել: Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media.

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Երեքշաբթի Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը չեղյալ է համարել արտոնագիրը, որը մասնավոր ընկերության իրավունք էր տալիս Ռաչայում 1000 քառակուսի կիլոմետր անտառապատ տարածքում որսորդական ֆերմա հիմնել։

Հողատարածքը աճուրդով վաճառվել էր Դավիթ Խիդաշելիին պատկանող HG Capra Caucasica ՍՊԸ-ին 2022-ի ապրիլին։

Խիդաշելին ռուսաստանաբնակ գործարար է, որը, ըստ տեղեկությունների, կապեր ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Վրաստանի շրջակա միջավայրի գործակալությունը հայտարարել է, որ հետ է կանչում HG Capra Caucasica-ի արտոնագիրը ստանձնած «պարտավորությունները չկատարելու» պատճառով։

Վրաստանում ակտիվիստները դեմ էին հանդես գալիս Ռաչա-Լեչկումի և Քվեմո Սվանեթի շրջանների անտառների վարձակալությանը՝ վկայակոչելով նաև Խիդաշելիի կապերը ռուս օլիգարխների հետ, ինչպիսին Վլադիմիր Եվտուշենկովն է:

Սեպտեմբերի վերջից «Փրկենք Ռիոնիի հովիտը» բնապահպանական շարժումը բողոքի մի քանի ցույց կազմակերպեց անտառների վարձակալության դեմ, որոնք սկսվեցին Ռաչայից, այնուհետև՝ նոյեմբերի կեսերին, տեղափոխվեցին Թբիլիսի՝ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մոտ:

Երբ «Փրկենք Ռիոնիի հովիտը» հասավ Թբիլիսի, ոստիկանությունը ձերբակալեց նրա 11 անդամների վրան տեղադրելու փորձի համար։ Թեև բոլոր ակտիվիստներն ավելի ուշ ազատ արձակվեցին, նրանք սպասում են դատավարությանը՝ մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեղադրանքով։

Մոտավորապես նույն ժամանակ Խիդաշելին հայտարարեց, որ վաճառում է և՛ իր ընկերությունը՝ HG Capra Caucasica-ն, և՛ արտոնագիրը՝ «պետության հարուցած թյուրիմացությունների» պատճառով։

Մեկնաբանել