Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում «խնդրեց չշտապել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների համար առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալ»:
«Իմ ունեցած տեղեկություններով այդ սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն։ Եվ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջան-Ռուսաստան սահմանին կամ Ադրբեջան-Վրաստանի հատվածում…»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը չբացառեց, որ ստեղծված խոչընդոտը կարող է քաղաքական դրդապատճառով լինել։ «Բայց ես խնդրում եմ չշտապել, և նման հետևություններ չանել»,- ասաց նա։
Մինչդեռ, Ալեն Սիմոնյանի՝ չշտապելու խորհրդին չի հետևել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նոյեմբերի 28-ին ավելի վաղ արված իր գրառմամբ։ Այն ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքը քաղաքական դրդապատճառներով։
Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լարսում խնդիր կա՝ կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ «Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- նշել է Սանոսյանը։
Նշենք, որ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվության է սպասում ընդհանուր 2778 բեռնատար ավտոմեքենա։
Գրանցված բեռնատարների ցանկում կան Ռուսաստանի մոտ 500, Վրաստանի շուրջ 800, Հայաստանի ավելի քան 850, Ուզբեկստանի շուրջ 200 և այլ երկրների մեքենաներ։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը լրատվամիջոցների հետ զրույցում հատնել է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Россельхознадзор» – խմբ․) նոյեմբերի 23-ից ուժեղացված հսկողություն է իրականացնում շուտ փչացող ապրանքների՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ և բժշկական ապրանքների նկատմամբ։ Նա հայտնել է, որ ծառայությունը մեծ թվով խախատումներ է հայտնաբերում, և բեռնատարների մի մասին հետ են ուղարկում։
Հակոբյանը նշել է, որ նոյեմբերի 23-ից մինչև օրս հայկական մոտ 20 բեռնատար է Ռուսաստանի սահմանից հետ ուղարկվել, այդքանն էլ դեռ սպասում են փորձաքննության արդյունքներին։
Ինչ վերաբերում է Սիմոնյանի հայտարարությանը, թե «նման իրավիճակ» է ստեղծվել նաև Ադրբեջան-Ռուսաստան սահմանին կամ Ադրբեջան-Վրաստանի հատվածում, ապա բաց աղբյուրներում որևէ տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել։ Որևէ լուր այդ մասով չի հրապարակվել։