Արցախցիների ինտեգրացիայի խնդիրը և կառավարության խնդրահարույց գործելաոճը

Արցախի բնակչության բռնի տեղահանումից անցել է երկու ամիս և արդեն իսկ կարելի է որոշակի գնահատականներ տալ Հայաստանի կառավարության գործունեությանը այդ ճգնաժամի կառավարման գործընթացում։

Հայաստանի արտասահմանյան գործընկերները տարբեր բաց և փակ միջոցառումների ընթացքում պարբերաբար ընդգծում են, որ զարմացած են ՀՀ իշխանությունների գործողությունների արդյունավետությամբ այս ողբերգալի իրադարձությունների ընթացքում։ Կառավարությունը ևս առիթը բաց չի թողնում այդ հանգամանքը մատնանշելու համար։

Խոսքը, մասնավորապես, հարյուր հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների ընդունման ու կացարաններով ապահովելու գործընթացի, ինչպես նաև կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի մասին է, որոնք նպատակ են հետապնդում մեղմել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ապաստանած մարդկանց վիճակը։

Այնուամենայնիվ, ի հեճուկս այս կարճաժամկետ լուծումների, որոնք հնարավոր են դարձել նաև հայաստանյան հանրության ակտիվ մասնակցության շնորհիվ, Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը այստեղ հաստատված արցախցիների միջնաժամկետ ու երկարաժամկետ ինտեգրացիայի իրականացնումն է։ Այս հարցում հստակ տեսլականի ու համապարփակ ռազմավարության բացակայության պարագայում դժվար է լինելու Հայաստանում պահել Արցախից բռնի տեղահանված մարդկանց զգալի մասին։

Իրականում վերջին երկու ամիսների ընթացքում այդ տեսլականի, ինչպես նաև կառավարության անելիքների հարցով տեղահանված բնակչության հետ ռազմավարական հաղորդակցության բացակայությունը արդեն իսկ նպաստել է հազարավոր տեղահանված արցախցիների արտագաղթին Հայաստանից։

Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փոքր աջակցությունը խնդրի կարճաժամկետ ու մասնակի լուծում կարելի է համարել։ Հայաստանյան անշարժ գույքի վարձակալության շուկայում առկա գների պայմաններում կառավարության աջակցությունը ինչ-որ չափով մեղմում է բնակարանային խնդիրը, բայց ամենևին չի լուծում այն։

Ավելին, Արցախի էթնիկ զտումից հետո կայացված որոշ որոշումներ արհեստական խնդիրներներ են ստեղծում մարդկանց արագ ինտեգրացիայի համար։

Մասնավորապես, կառավարության հոկտեմբերի 26-ի որոշումից հետո, որով ՀՀ անձնագրեր ունեցող Արցախի ողջ բնակչությունը փաստացիորեն կորցրեց Հայաստանի քաղաքացիությունը, բազմաթիվ խնդիրներ առաջացան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց համար։

Այսպես, Արցախի պետական համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագետները, որոնք, օրինակ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղահանված բնակչության հետ աշխատանքի հարուստ փորձ ունեն և լավ տիրապետում են տարաբնույթ խնդիրների ամբողջությանը, կառավարության այդ որոշումից հետո այլևս չեն կարողանում աշխատանքի ընդունվել Հայաստանի պետական կառույցներում։ Իհարկե, կա հնարավորություն դիմել քաղաքացիության համար (ինչպես պահանջում է նոր կարգը) և դրանից հետո ընդունվել աշխատանքի պետական համակարգում, սակայն նույնիսկ պարզեցված ընթացակարգով այդ գործընթացն ամիսներ է տևում, իսկ բռնի տեղահանվածներից շատերն արդեն իսկ լրջագույն ֆինանսական խնդիրներ ունեն։

Կառավարության այս որոշումը նաև մի շարք իրավական կազուսների պատճառ է դարձել։ Այսպես, պետական կառավարման համակարգում բազմաթիվ պաշտոնյաներ կան, որոնք աշխատանքի էին ընդունվել արցախյան 070 համարանիշ ունեցող անձնագրերով։ Այդ մարդկանցից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում, աշխատում կամ աշխատել են դատաիրավական համակարգում, նրանց ուղղակի ներգրավվածությամբ դատավճիռներ են կայացվել, որոնք տեսականորեն այժմ իրավական ուժ չունեն։ Կան նույնիսկ դեպքեր, երբ 070 համարանիշով անձնագրեր ունեցող հայաստանյան դիվանագետներ են մեկ օրվա ընթացքում կորցրել քաղաքացիությունը։

Այս որոշման պարագայում արդեն իսկ կարելի է վստահությամբ պնդել, որ այն ավելի շատ խնդիրներ է ստեղծել, քան լուծել։ Ի շարս այլ հայտարարվող նպատակների՝ ՀՀ իշխանությունները հավանաբար այս քայլով հետապնդում են նաև երկու շահադիտական խնդիր՝ չեզոքացնել ղարաբաղյան գործոնի դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում և խուսափել քաղաքական պատասխանատվությունից վերջին երեք տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների համար։ Այս տրամաբանությունը ենթադրում է, որ եթե Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացիներ չեն/չէին, ապա ՀՀ իշխանությունները ևս ոչ անելիքներ ունեին այս հարցում, ոչ էլ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած աղետի համար։

Ճգնաժամի կառավարման գործընթացում կառավարության գործելաոճի հետ կապված մեկ այլ խնդիր է բռնի տեղահանվածների կամ նրանց ներկայացնող այլ դերակատարների ու խմբերի հետ ուղիղ շփումների բացակայությունը։ Բոլոր որոշումները կայացվում են առանց մարդկանց կարիքներն ու նախապատվությունները պատշաճ գնահատելու և նրանց քաղաքականություն մշակելու գործընթացում ներգրավելու։ Ավելի մասնակցային ու ներառական մոտեցումը կարող էր առավել արդյունավետ դարձնել իրականացվող քաղաքականությունը։ Ներկայում կառավարությունն առանց շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցության որոշումներ է կայացնում ու հանրությանը միայն պոստֆակտում տեղեկացնում այդ որոշումների վերաբերյալ։

Սակայն նույնիսկ այդ հաղորդակցությունը պատշաճ չի իրականացվում։ Մինչ այսօր բռնի տեղահանված բնակչության մեծամասնության մոտ չկա հստակ պատկերացում, թե ինչ հետևանքներ կարող են լինել կառավարության կողմից առաջարկվող տարբերակներն ընդունելու դեպքում (ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակը ու ՀՀ քաղաքացիությունը), ինչ արտոնություններից են նրանք զրկվելու կամ ստանալու՝ առաջին կամ երկրորդ տարբերակն ընտրելու պարագայում։

Այս բոլոր խնդիրներին գումարվում է կառավարության ռազմավարական պլանավորման կարողությունների բացակայությունը։ Իշխանամերձ շրջանակներում խոսակցություններ կան, որ Հայաստանում արցախցիների ինտեգրացիայի հարցով ռազմավարության մշակման գործընթացը ավարտին կհասցվի միայն հաջորդ տարվա ընթացքում։ Այդ գործընթացում հրատապության բացակայության, ինչպես նաև վերոնշյալ խնդիրները չհասցեագրելու դեպքում հազարավոր տեղահանված արցախցիներ ստիպված են լինելու այլ երկրներում լուծումներ փնտրել իրենց խնդիրներին։

Մեկնաբանել