ՌԴ տեսչական ծառայությունը ՀՀ-ից բուսական արտադրանքում «խախտումների աճ» է արձանագրել

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ։

«2023-ին Ռոսսելխոզնադզորի տարածքային բաժիններն արձանագրել են Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ. միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Բուսական արտադրանքում Ռոսսելխոզնադզորը, մասնավորապես, հայտնաբերել է արևելյան ցեց, Pepino խճանկարային վիրուս, լոլիկի, մրգերի շագանակագույն կնճռոտման վիրուս, արևմտյան ծաղկային տրիպս․ «Բացի այդ, նոյեմբերին Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 5 դեպք, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից պեստիցիդների կիրառման կանոնակարգերի խախտման մասին»։

Կառույցից նշում են, որ վերը նշվածները սպառնալիքներ են ստեղծում «Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար»:

Ռոսսելխոզնադզորը բոլոր խախտումների մասին տեղեկացրել է Հայաստանի իրավասու գերատեսչությանը։

Ռուսական կողմը վստահեցնում է, թե բուսասանիտարական հսկողությունը սահմանին իրականացվում է բնականոն ռեժիմով․ «Հայաստանից ուղարկվող բեռների զննման կանոնները չեն փոխվել»։

***

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նոյեմբերի 29-ի դրությամբ շուրջ 1 700 հայկական բեռնատար է կանգնած Լարսի անցակետի մոտ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախօրեին հայտարարել էր, որ Լարսի անցակետում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա․ «Կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել էր Սանոսյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։ Հարությունյանի հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքին քաղաքական պատճառներով։

Մեկնաբանել