Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացնել մինչև 160 000 դրամ տարեկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Ներկայում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 000 դրամ է։
Քաղաքային իշխանությունները 2024 թվականի համար նախատեսում են ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանել գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևանում սահմանել Ա և Բ գոտիներ:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.
Ա գոտի
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5 000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1 000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2 000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4 000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24 000 դրամ
Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշում է, որ դրույքաչափերի բարձրացման նպատակը փոքր կենտրոնը էականանորեն բեռնաթափելն է․ «Սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է, որն ունենալու է նաև այլ բաղադրիչներ: Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է»։