Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույց դեռևս նախատեսված չէ։ Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ «Դա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար»,- հավելել Է Պեսկովը:
Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպում և ԵԱՏՄ պաշտոնական նիստ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին․ «Որոշում այս պահին չկա, բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում»,- նոյեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Սիմոնյանը։
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայկական պատվիրակությունները վերջին ամիսներին չեն մասնակցում ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերին, ինչպես նաև հրաժարվում են ռուսական միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցություններից։