Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա սահմանի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Նոյեմբերի 22-ին Հայաստանը, արձագանքելով Ադրբեջանի՝ երկկողմ հանդիպում անցկացնելու առաջարկին, հայտարարել է, որ Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին: Այնուհետև հայտնի դարձավ, որ հանդիպման մասին կողմեր պայմանավորվածություն են ձեռք բերել․ այն կկայանա նոյեմբերի 30-ին։

***

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով չորս հանդիպում է կայացել՝ երկուսը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։

Մեկնաբանել