Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Լարսի իրավիճակի վերաբերյալ

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք ԵԱՏՄ շրջանակներում սկսել ենք գործողություններ, հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրերի ընթացքում»,- նոյեմբերի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Քերոբյանը։

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել էր, որ 2023-ին արձանագրվել է Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Գերատեսչությունից նշել է, որ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ. միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք։

Քերոբյանը խոսքով՝ Հայաստանն ուսումնասիրում է Ռոսսելխոզնադզորի հրապարակումը։

«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա ընթացքում 35 մեքենա է հետ վերադարձվել և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա է վերադարձվում, և դա այն դեպքում, երբ մենք՝ կարգավորումների, իսկ մատակարարները՝ իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»,- ասել է նախարարը։

***

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նոյեմբերի 29-ի դրությամբ շուրջ 1 700 հայկական բեռնատար է կանգնած Լարսի անցակետի մոտ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախօրեին հայտարարել էր, որ Լարսի անցակետում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա․ «Կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել էր Սանոսյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։ Հարությունյանի հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքին քաղաքական պատճառներով։

Մեկնաբանել